ՀԱԿ-ը շարունակում է ազգի բարոյազրկման ՀՀՇ-ական ծրագիրը
Անդրադառնալով մայիսի 8-ին Թատերական հրապարակում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանական ընտրությունները դարձան ՀՀ քաղաքացու ցեղասպանության օր` «Голос Армении»-ն նկատում է, որ սա առաջին անգամը չէ, երբ ՀՀՇ-ական լիդերները ցինիկաբար շահարկում են հայ ժողովրդի համար վերք դարձած թեմաները: Թերթը գրում է, որ իշխանության գալով` ՀՀՇ-ն նախաձեռնեց հասարակության բարոյազրկման և հայ ժողովրդի իրական արժեքների զրոյացման գործընթացը: Թերթը հիշեցնում է, որ 1996թ-ին Նիկոլ Փաշինյանի ավագ գործընկեր և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության մասին` ասել է. «Չի կարելի մարդկանց ասել, թե ձեր հարևանները մեղավոր են, գուցե մենք այն չէինք: Այդպես չի լինում, որ ուղղակի վերցնեն և կոտորեն մի ամբողջ ազգի»:
«ГА» -ն նշում է, որ ՀՀՇ-ական այս ցինիկ գաղափարների շարքից է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի «Ազգը կեղծ կատեգորիա է» հայտարարությունը: Թերթը նկատում է, որ ՀՀՇ-ի ապազգային և ցինիկ քաղաքականության հետևորդն է այսօր ՀԱԿ-ը` հիշեցնելով, որ Կոնգրեսը սպասարկող թերթերից «Չորրորդ ինքնիշխանությունը» մայիսի 9-ին ծաղրանկար էր տպագրել Արցախի խորհրդանիշը հանդիսացող տատիկ-պապիկի արձանի վրա, որում ֆաշիզմի հանդեպ հաղթանակն ու Շուշիի ազատագրումը անվանել էր կեղծ հաղթանակ` նշելով, թե իրական հաղթանակները առջևում են` ակնարկելով ՀԱԿ հաղթանակը: «Голос Армении»-ն հիշեցնում է ՀԱԿ լիդերներին, որ ՀՀՇ-ական ռեժիմի ժամանակ մեծացած սերունդը շատ լավ հիշում է իրենց հանցագործությունները և դժվար թե ցանկանա վերադառնալ դեպի 90-ականներ: