Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովը
Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է Հավաքական անվտանգության կազմակերպության հոբելյանական գագաթաժողովը, որը նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի 20 և ՀԱՊ կազմակերպության 10 ամյակին:
Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, գագաթաժողովն աշխատանքները սկսել է Խորհրդի՝ նեղ կազմով նիստով, որին մասնակցել են միայն երկրների ղեկավարները: Նիստը մեկնարկնել է հյուրընկալող կողմի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքով: Վերջինս իր խոսքում կազմակերպության հոբելյանն անվանել է «նշանակալից իրադարձություն» և նշել, որ անցած շրջանում ՀԱՊԿ-ը ապացուցել է իր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման գործում կարևոր ինստիտուտ լինելու փաստը:
Այնուհետ Վլադիմիր Պուտինը խոսքը փոխանցել է ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Վերջինս բոլոր ներկաների անունից շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու և նախագահի լիազորությունները ստանձնելու առիթով, ինչպես նաև Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական ուղերձից հետո ՀԱՊԿ խորհրդի նիստն աշխատանքները շարունակեց դռնփակ ռեժիմով:
Տեղեկացնենք, որ նիստին մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ակնկալվում է, որ նիստի ավարտին մասնակիցները ՀԱՊԿ գործունեության արդյունքներն ամփոփող համատեղ հռչակագիր կընդունեն: