«Մենք բացակա ենք ազգային բոլոր ճակատներում». Սուրբ Նշանի փլուզված նախասրահը հնարավոր չէ վերակառուցել
Փլուզվել է Թբիլիսիում գտնվող հայկական Սբ. Նշան եկեղեցուն կից նախասրահը, որն աղյուսից էր ու ամբողջությմաբ վերածվել է հողակույտի: Վերականգնել անհնար է կամ պետք է կրկին աղյուսից հին նկարների հիման վրա ամբողջությամբ նորը կառուցվի, այն էլ միայն ամբողջ եկեղեցին վերանորոգելուց հետո: Ասուլիսում այս մասին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Հիշեցնենք, որ փլուզումը եղել է մայիսի 13-ի գիշերը լույս 14-ի առավոտյան: Ըստ հաղորդագրության, փլուզման պատճառ է հանդիսացել վերջին օրերին Թբիլիսին ողողած հորդառատ անձրևները:
Նա նշեց, որ քանդված կառույցը երեք իմաստ է ունեցել` նախասրահ, զանգակատուն, բայց որը վաղուց քանդված է եղել և տապանատուն: «Ինչո՞ւ են անձրևները, երկրաշարժը վնասում միայն հայկական եկեղեցիները: Պատասխանը միանշանակ է` հայկական եկեղեցիներն օրհասական վիճակում են»,- ասաց հուշարձանագետը: Նրա կարծիքով, եթե, իրոք ցանկություն լինի վերակառուցել Սուրբ Նշան եկեղզեցին, դեռ հնարավոր է:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին երկու հրդեհի հետևանքով եկեղեցում կրկին փլուզումներ էին եղել: Դրանից հետո Հայաստանի մշակույթի նախարարությունը մասնագետներ էր գործուղել Վրաստան, որտեղ վրաց պաշտոնյաների հետ համաձայնության էին եկել, որ նախ սկսել ճշգրտումներ, չափումներ անել ու այնուհետև ձեռնամուխ լինել հուշարձանի վերանորոգմանը: Սակայն մինչ այժմ որևէ բան չի արվել: Միայն, ըստ Ս. Կարապետյանի, փայտից ու մետաղից հենակներ էին պատրաստվել` ամրացնելու համար, սակայն «աչքին թոզ փչելու միջոց էր, քանի որ իրենց նպատակին չէին ծառայում»:
«Մենք անտրաբեր ենք, բացակա ենք ազգային բոլոր ճակատերում: Մեր բացակայությունից օգտվում են մեր թշնամիները»,- իր խոսքը եզրափակեց Սամվել Կարապետյանը:
Նախորդող նորություններ` Նախարարություն. փլուզվել է Սբ.Նշան եկեղեցուն կից զանգակատունը
Թբիլիսիում մասնակի փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին
Առաջիկայում քննարկվելու են Թբիլիսի Սբ. Նշան եկեղեցու վերականգնման ու ամրակայման անհրաժեշտ աշխատանքների ծավալները