ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Մոսկվայում է
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, այստեղ քիչ հետո կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հոբելյանական նիստը:
1992 թվականի մայիսի 15-ին՝ ԽՍՀՄ փլուզումից մի քանի ամիս անց, նորանկախ երկրների ղեկավարները Տաշքենդում ստորագրեցին Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը: Արդեն 10 տարի անց՝ 2002 թվականի մայիսի 14-ին, դաշնակցային հարաբերությունները ամրապնդելու և ինստիտուցիոնալացնելու նպատակով հիմնադրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը:
Այսօր Մոսկվայում նախատեսված գագաթաժողովն արտահերթ է և նվիրված է նշված իրադարձությունների հոբելյանին` պայմանագրի 20-ամյակին և կազմակերպության 10-ամյակին:
Ակնկալվում է, որ մոսկովյան գագաթաժողովին, բացի ՀՀ նախագահից, կմասնակցեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ղեկավարները: Այսօր կայանալիք միջոցառմանը կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը, ով ՌԴ նախագահի լիազորություններն ընդամենը վերջերս ստանձնեց:
Ինչ վերաբերում է գագաթաժողովի օրակարգին, ապա նախատեսվում է, որ ՀԱՊԿ խորհրդի նիստում անդրադարձ կկատարվի կազմակերպության անցած ճանապարհին, կքննարկվեն միջազգային օրակարգի ընթացիկ հիմնական խնդիրները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ համատեղ հնարավոր քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա