Իրանագետ. Ներկայում Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունը մուտք է գործել նոր շրջափուլ
Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում «Չմիավորվածների շարժման» հավաքի օրերին տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կապակցությամբ panorama.am-ի լրագրողը զրուցեց իրանագետ, պ.գ.թ. Ռուդիկ Յարալյանի հետ:
-Պարո՛ն Յարալյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ա. Սալեհիի այն հայտարարությունը, որ երկու երկրները պետք է աշխատեն համատեղ և բարեկամական մթնոլորտում` խուսափելու համար թյուրըմբռնումներից: ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանի՝ ապրիլի 29-ին Թեհրան կատարած պաշտոնական այցից հետո արդյոք որևէ թյուրըմբռնում է տեղի ունեցել երկու երկրների միջև:
-Կարծում եմ՝ թյուրըմբռնում տեղի է ունեցել ոչ թե երկու երկրների, այլ Իրանի ԱԳ նախարար Ա. Սալեհիի խոսքերը մեկնաբանելու ժամանակ: Ներկայում Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունը մուտք է գործել նոր շրջափուլ: Օրակարգում են այնպիսի ռազմավարական նշանակության նախագծեր, ինչպիսիք են Իրան-Հայաստան նավթամուղը և երկաթգիծը, որոնց կյանքի կոչման հարցում ռուսական ընկերությունների շահագրգռվածությունը միայն մեծացնում է հիշյալ նախագծերի տարածաշրջանային նշանակությունը: Նման դեպքերում կողմերի համար առաջնահերթ կարևորություն է ստանում տարածաշրջանային խաղաղության և կայունության հրամայականը՝ որպես տնտեսական ծրագրերի իրագործման երաշխիք: Այս տրամաբանությունը հիմք ընդունելով՝ Շարմ էլ-Շեյխում Է. Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարը կարևորել է հարևանների միջև տարաձայնությունների և թյուրըմբռնումների հաղթահարումը՝ որպես այդ երկրների առաջընթացի և նրանց փոխհարաբերությունների զարգացման գրավական: Ինչ վերաբերում է Իրանի և Հայաստանի միջև առկա ենթադրյալ «թյուրըմբռնումներին», ապա ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերում նման շեշտադրում չի եղել:
-Եթե խոսում ենք Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական նշանակության հույժ կարևոր տարածաշրջանային նախագծերի մասին, հետևաբար կարելի է արդյոք արձանագրել, որ ՀՀ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունն աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը և Հայաստանը կանգնում է աշխարհաքաղաքական ճամբարների միջև ընտրություն կատարելու խնդրի առջև:
-Սահմանակից երկրների բարիդրացիական փոխհարաբերությունները պետք է զերծ լինեն արտաքին որևէ բացասական ազդեցությունից և պարտադրանքից. այդ փոխհարաբերությունները նախքան աշխարհաքաղաքական որակելը հարկավոր է դիտարկել որպես տվյալ երկրների կենսագոյատևումն ապահովող կարևոր գործոն: Սա առավել ևս վերաբերում է Հայաստանին, որն իր երկու սահմանակից հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ենթարկվել է տնտեսական շրջափակման: Ըստ այդմ՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը ՀՀ համար նախևառաջ պետք է դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից, և այն չդարձնել աշխարհաքաղաքական շահարկումների առարկա: