Ս. Մինասյան. ՀԱՊԿ-ը նաև մեծ դեր է խաղում Թուրքիայի դեմ` որոշ սպառնալիքներ կասեցնելու գործում
«Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին` որպես ռազմաքաղաքական կառույցի, չափազանց մեծ նշանակություն ուներ Հայաստանի` ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական անվտանգության ապահովման համար: Հասկանալի է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, հանդիսանում է Հարավային Կովկասի միակ երկիր, որը մտնում է ռազմաքաղաքական դաշինքի մեջ և ունի որոշ ակնկալիքներ անվտանգության և պաշտպանության ոլորտում աջակցություն ստանալու առումով»,- անդրադառնալով քիչ առաջ Մոսկվայում մեկնարկած Հավաքական անվտանգության կազմակերպության հոբելյանական գագաթաժողովին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ մոսկովյան գագաթաժողովը նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի 20 և ՀԱՊ կազմակերպության 10 ամյակին:
«ՀԱՊԿ-ի պարագայում հասկանալի է, որ ԼՂ շուրջ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում դժվար է ռեալ օգնություն սպասել թուրքալեզու Ոզբեկստանից կամ Ղրղզստանից, բայց կա նաև ՀԱՊԿ-ում որոշիչ դեր խաղացող Ռուսաստանը, որի հետ Հայստանը և´ ՀԱՊԿ-ի շրջանակներում, և երկկողմ ձևաչափով, ունի համագործակցության և ռազմական օժանդակության պայմանավորվածություններ: Այս առումով, կարծում եմ, դա չափազանց կարևոր մի գործոն է, որն իր դերն է խաղում ԼՂ շուրջ խաղաղության և անվտանգության պահպանման խնդրում:
Բանախոսը կարևորեց նաև այն, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները շատ հաճախ ստիպված և պարտավոր են Հայաստանի հետ որոշ կարևոր հարցերի շուրջ կոնսուլտացիաներ անել և չմասնակցել Հայաստանի դեմ ուղղված` ինչ-որ երրորդ երկրների քաղաքական նախաձեռնություններին:
Ս. Մինասյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը նաև մեծ դեր է խաղում ԱՊՀ-ից դուրս, ինչպես նաև Թուրքիայի դեմ` որոշ սպառնալիքներ կասեցնելու գործում:
«Հասկանալի է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը դա ոչ միայն երկու երկրների միջև սահման է, այլև երկու ռազմաքաղաքական դաշինքների միջև սահման է` ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի: Եվ այս գործոնը ևս մեծ դեր է խաղում Հայաստանի հանդեպ Թուրքիայի հնարավոր ագրեսիվ ակտիվությունը կասեցնելու առումով»,- հավելեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները