«Հիմնական կառույցներ այդ փողոցում այլևս երբեք չեն լինելու». Քաղաքապետարանի ներկայացուցիչը` Աբովյանի մասին (լուսանկարներ)
«Աբովյան փողոցի մասով քաղաքապետը հստակ հայտարարեց` Աբովյան փողոցը վերադարձնել քաղաքացիներին, երևանցիներին, ինչը կատարվեց»,-Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունների տարածած հայտարարությունը, ասաց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունները նշել էին, որ Աբովյան փողոցի՝ կրպակներից ազատագրված տարածքը կրկին պատվել է սալահատակով և ավազով: «Հանրային կանաչ տարածքի համար նախատեսված այդ գոտին կարծես նախապատրաստում են հերթական սրճարանի համար, այնինչ քաղաքացիները Ուսանողական այգու անհաջող և Մաշտոցի այգու հաջողված պայքարներում արդեն իսկ հստակ դիրքորոշում են արտահայտել հանրային կանաչ տարածքների առնչությամբ»,-ասված էր հայտարարության մեջ: Նրանք հայտարարությամբ պահանջում են նաև անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվի և վերադարձվի հանրությանը:
«Բարեկարգումը ենթադրում է, որ նաև սալահատակ պետք է լինի` այսինքն ճեմուղի: Թե հիմա ինչի՞ց են այդպես վրդովվել… Երբ կա, ասում են` ինչո՞ւ կա, երբ չկա, ասում են` ինչո՞ւ չկա: Մեծ հաշվով անհասկանալի դիրոքրոշում է, որին պարզաբանում տալը համարում եմ առնվազն ավելորդ»,-նշեց Ա. Գևորգյանը, ավելացնելով, որ ինքը բողոք ունի նաև լրագրողների դեմ, ովքեր «ընկնում են էդ տեսակ բաների հետևից»:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Աբովյան փողոցում հիմնական կառույցներ չեն լինելու: «Հիմնական կառույցներ այդ փողոցում այլևս երբեք չեն լինելու»,-շեշտեց նա: