Դատախազի կողմից ծեծի ենթարկված լրագրողը բացատրություն է տվել ՀՔԾ-ում
Օրերս Երևանում Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի կողմից ծեծի ենթարկված լրագրող Ռուբեն Գրդզելյանը այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայությունում բացատրություն է տվել կատարվածի մասին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գրդզելյանը տեղեկացրեց, որ ինքը քննիչին ներկայացրել է կատարվածը և պատասխանել լրացուցիչ հարցերի:
Նա ասաց նաև, որ Մեսրոպ Մանրիկյանն ու իր որդին ներկայացել են ՀՔԾ ու բացատրություն տվել: Առայժմ քրեական գործ չի հարուցվել:
Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել մայիսի 12-ին, գիշերը ժամը 23.30-ի սահմաններում, երբ շենքերից մեկի բակում, զբոսանքի ժամանակ երեխաները խանգարել էին, որ Մեսրոպ Մանրիկյանի մեքենան դուրս գա բակից: Դա դուր չէր եկել Մանրիկյանին, և նա լեզվակռվի մեջ էր մտել Գրդզելյանի հետ ու հարվածել նրան: Ստանալով պատասխան հարված, Մանրիկյանն ու նրան ուղեկցող մի անձ, լրագրողի պատմելով, հարձակվել են իր վրա, որոնց միացել են նաև Մանրիկյանի որդին ու ևս մեկը: Չորս անձ ծեծել են Գրդզելյանին, մինչև վերջինը չի կորցրել գիտակցությունը:
Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով տեղի ունեցածը, տեղեկացրել էր, որ «կենցաղային հողի վրա առաջացած միջադեպի» վերաբերյալ նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
«Հատուկ քննչական ծառայությանը հստակ ցուցումով հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները միջադեպի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ և, ըստ անհրաժեշտության, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական», -ասել էր Սոնա Տռուզյանը:
Նախորդող լուրերը` Մեսրոպ Մանրիկյանն ինձ ապտակեց խոսակցության ժամանակ, և դրանից հետո գնաց ծեծկռտուքը. Պատմում է լրագրողը
Դատախազը ծեծել է լրագրողին. ՀՔԾ-ին հանձնարարվել է քննություն իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը