«Amnesty International». Ադրբեջանում ոստիկանությունը դաժան կերպով ցրել է բողոքի ակցիան
Ադրբեջանում ոստիկանությունը դաժան կերպով ցրել է բողոքի ցույցը, և սա «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին: Այս մասին տեղեկացնում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը:
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոստիկանությունը դադարեցնի ոտնձգությունները խոսքի ազատության դեմ:
«Մենք նորից կոչ ենք անում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի կազմակերպիչներին դատապարտել Ադրբեջանում խոսքի ազատության դեմ անընդունելի ու շարունակական ճնշումները: Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն դադարեցնելու հավաքների վրա ճնշում գործադրելն ու պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին»,-նշել է «Amnesty International»-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն Ջոն Դալհուսենը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է 18 ընդդիմադիր ակտիվիստի, ովքեր մասնակցել են նախօրեին տեղի ունեցած բողոքի ցույցին: Ընդդիմադիր «Հանրային պալատ» շարժման ցույցը նվիրված է եղել հավաքների ազատությանն ու քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Ոստիկանությունը մասնակիցների դեմ ուժ է կիրառել: