Բաթմանի հայկական եկեղեցուց 10 տոննա աղբ է հանվել
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքի տեղեկատվության համաձայն` Թուրքիայի Բաթմանի նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցուց 10 տոննա աղբ է հեռացվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վերոնշյալ եկեղեցին գյուղացիների կողմից տևական ժամանակ որպես աղբատեղի է օգտագործվել, իսկ եկեղեցին պահող սյուները և պատկերազարդ քարերը գյուղացիները օգտագործում են իրենց տներում կամ ախոռներում որպես աստիճաններ, թոնիրի քարեր:
Ըստ աղբյուրի` եկեղեցու ներկայիս վիճակի մասին մամուլում հայտնված լուրերից հետո, Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության թանգարանների գլխավոր վարչությունը եկեղեցին վերականգնելու և զբոսաշրջիկների առջև բացելու համար քայլեր է ձեոնարկել: Եկեղեցում կատարվել են մաքրման աշխատանքներ:
Բաթմանում հնագիտական ուսումնասիրությունների հարցերով պատասխանատու Աբդուսելամ Ուլուչամը, ասել է, որ մաքրման աշխատանքներից հետո կսկվեն վերականգնման աշխատանքները: «Եկեղեցու վերականգնումը զարկ կտա այս շրջանում զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է նա: