«Բուժումը ճիշտ է ընթացել». Գերմանացի պրոֆեսորն այցելել է փուչիկների բռնկումից տուժածներին
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկման հետևանքով տուժածներից 56-ը մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ: Նրանցից երկուսը` Այրվածքաբանության և ճառագայթման ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում են:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, ում խոսքով վերակենդանացման բաժանմունքում գտնվողներին անհրաժեշտ կլինի վիրահատություն կատարել:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ժամը 1:00 դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններ դիմել էր 154 քաղաքացի, որոնցից հոսպիտալացվել էր 98-ը, այդ թվում 28-ը` վերակենդանացման բաժամունքներում:
Այսօր նախարար Հարություն Քուշկյանի հետ հիշյալ ինստիտուտում բուժվողներին այցելել է Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի համալսարանական կլինկայի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:
Պրոֆեսորին Հայաստան հրավիրել են ՀՀ նախագահի հանձնարարությամբ: Նա այսօր գիշեր է Երևան ժամանել, կմեկնի երկու օրից, իսկ անհրաժեշտության դեպքում, ինչպես ասել է նախարարը, կմնա ավելի երկար, պետք եղած դեպքում նորից կայցելի Հայաստան:
«Ընդհանրապես, բժշկական աշխարհում ընդունված է համատեղ կոնսիլիումներ, փորձի փոխանակում անցկացնելը, որպեսզի բուժումը լինի մաքսիմալ արդյունավետ»,- Այրվածաքաբանության կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշել է Հարություն Քուշկյանը և հավելել, որ հրավիրվել է լավագույն մասնագետներից մեկը:
Շ. Հունանյանի փոխանցմամբ, հիվանդներից մի քանիսին զննելուց հետո պրոֆեսորը հայտարարել է, թե բուժումը ճիշտ է ընթացել, խոստացել է օգնել ինչով կարող է:
«Եթե հանկարծ անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնությունը, թեև այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»,- նշել է Ադրիան Դայգլերը:
Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինստիտուտում տեսել է երկու ծանր դեպք, որոնց հավանաբար անհրաժեշտ կլինի վիրահատություն, կան նաև թեթև դեպքեր:
«Մեր բժիշկների հետ համատեղ նա կպլանավորի հիվանդների հետագա բուժումը և վարման կարգը: Կան հիվանդներ, որոնք երկարատև և խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն»,-նշել է նախարարը, հավելելով, որ գնալու են մինչև վերջ, բոլոր հիվանդներին բուժելու են, ոչ մի սպի չեն թողնելու: