Մեկնարկում է Կաննի 65-րդ կինոփառատոնը. Հայաստանը որոշել է Կաննին այս անգամ մասնակցել նոր մոտեցմամբ
Այսօր մեկնարկում է Կաննի 65-րդ կինոփառատոնը: Հայաստանը արդեն չորրորդ տարին է մասնակցում է այդ կինոփառատոնին` ներկայացնելով տեղական արտադրության ֆիլմերը Կաննի կինոշուկայում: Այս գիշեր հայկական պատվիրակությունը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի ղեկավարությամբ մեկնել է Կանն:
«Մեր պատվիրակությունը բազմամարդ է: Մենք այս անգամ որոշեցինք Կաննին մասնակցել նոր մոտեցմամբ. պետությունը ֆիլմերի և նոր կինոնախագծերի հեղինակներին հնարավորություն է ընձեռել անձամբ մասնակցելու կինոշուկայի աշխատանքներին և փորձել ինքնուրույն հետագա համագործակցության ուղիներ գտնել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է Գ. Գևորգյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոշուկայում ունենալու է իր առանձին տաղավարը, որը բաց է լինելու մայիսի 16-25-ը, որտեղ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություններ, ընդունելություն, հանդիպումներ, բանակցությունների վարում և այլն): Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթները`«Լուսավոր շրջան» («Սրբագրողը»), «Անհայտ հերոսուհին», «Կիսալուսնի ծովածոցը», «Ձգված պարանի վրա», «Մուժիկ Ա», «Քո ցավը իմն է», «Փոքրիկ իշխանը», «Մարցիպանի ոգին», «Երրորդ կարգի տոմս», «Ախ նորից էդ Նոր տարին», «Ձոն աթարին», «Ներիր ինձ», «Մեմե դ՛Արմենի», «Անահիտ», «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ», «Փաստավավերագրական կինոնախագծեր»:
Կաննի կինոշուկայի տասն օրերի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (այս տարի ստորագրվել է համագործակցության պայմանագիր), “Բելառուսֆիլմի”, Ուկրաինայի, Չեխիայի կինոոլորտների պատասխանատուների հետ:
Ընդհանուր առմամբ, այս տարի Կաննի կինոշուկային մասնակցում են մոտ 4 հազար ծրագիր:
Կաննի 65-րդ կինոփառատոնը բացվելու է ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) դրամայով: Իտալացի Նաննի Մորետտի գլխավորությամբ հաջորդ օրերի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին դիտելու է ևս 21 մրցութային ֆիլմեր` որոշելով «Ոսկե արմավենու» ճակատագիրը: Բացի գլխավոր` «Ոսկե արմավենի» մրցանակից, ժյուրին հանձնելու է նաև այլ մրցանակներ, Գրան պրի: Մրցանակների հանձնման արարողությունը կայանալու է մայիսի 27-ին: