Ո՞վ է հանել Տիգրան Թորոսյանի անվամբ ցուցանակը կամ` Ազգային Ժողովը լուռ է ու սպասման մեջ (լուսանկարներ)
Ազգային Ժողովի միջանցքներում անսովոր դատարկություն է տիրում. բոլոր աշխատասենյակների դռները փակ են, չկան ոչ միայն պատգամավորները, այլև նրանց օգնականները: Թերևս սա էլ հասկանալի է` մի քանի օրից առաջին նիստը կգումարի հինգերորդ գումարման Ազգային Ժողովը, բայց մինչ օրս հստակ չէ, թե ովքե՞ր են բաղձալի մանդատը ստանալու (խոսքը համամասնական ընտրակարգով անցած պատգամավորների մասին է):
Ողջ շենքում հանդիպեցինք միայն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին և «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին. վերջինս իրերն էր հավաքում, տուփերում խնամքով դասավորում այն բազմաթիվ փաստաթղթերն ու նամակագրությունը, որ հավաքվել է անցած հինգ տարիների ընթացքում: Ա.Բախշյանի խոսքով` ամեն թղթի հետևում մի ճակատագիր է: Միաժամանակ պատգամավորը պատասխանում էր իր հասցեին եկած նամակներին. Ա.Բախշյանը, ինչպես հայտնի է, նոր խորհրդարանում մանդատ չունեցավ, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց խնդիրներով նամակներն ուղղել հենց նրան:
Այդպես, պատգամավորն այսօր երկու նամակ էր ստացել, մեկը քաղաքացիության խնդրի հետ կապված, որը նա պատրաստվում է փոխանցել գործընկեր Զարուհի Փոստանջյանին, ով կշարունակի իր աշխատանքը խորհրդարանում, իսկ մյուսը մանկատան նախկին շրջանավարտի մի նամակ էր, որը տիկին Բախշյանը փոխանցեց Panorama.am-ին` նշելով, որ նա պատրաստվում էր հարցը բարձրացնել պատգամավորի կարգավիճակում, բայց քանի որ իրավիճակն այսպես է դասավորվել, ապա գոնե լրատվամիջոցը կարողանա բարձրաձայնել մանկատան շրջանավարտ Ալեքսանդրա Կոնինյանի հարցը (նամակը կներկայացնենք հաջորդիվ):
Հայտնի է, որ նոր խորհրդարանը նաև նոր դեմքեր է ունենալու, որոնք զբաղեցնելու են նախկին պատգամավորների աշխատասենյակները: Ըստ այդմ, այս օրերին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նոր ցուցափեղկեր պատվիրելու առումով` բնական է այնժամ, երբ հստակ կլինի, թե կոնկրետ ովքե՞ր են ստանալու մանդատները: Սա իր հերթին ենթադրում է, որ հին ցուցափեղկերը պետք է որ իրենց տեղում լինեն և որքան նկատեցինք հենց այդպես էլ կար…. մեկ բացառությամբ` ԱԺ ՀՀԿ-ական նախկին նախագահ, այնուհետ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի անվամբ ցուցանակը բացակայում էր արդեն նախկին աշխատասենյակի դռան վրայից: Մնացած բոլորի ցուցափեղկերը տեղում էին, թեև, օրինակի համար, հայտնի է, որ ՀՅԴ-ական պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Ալվարդ Պետրոսյանը ևս ԱԺ եկող պատգամավորներ չեն:
Հղում անելով Սահմանադրությանը նշենք, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը: Թվաբանական այս պարզ հաշվարկին հետևելով ստացվում է մայիսի 31-ը, բայց այս մասին էլ պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են