Ս. Նիկոյան. Կարևոր է, երբ մեր եվրոպացի գործընկերները ևս նկատում ու գնահատում են մեր երկրում արձանագրված նկատելի առաջընթացը
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը նախնական է, հուլիսին կամ օգոստոսին հավանաբար կլինի վերջնական զեկույցը, որում ներկայացված կլինի ընտրությունների վերաբերյալ ներկայացվող վերջնական դիտարկումները: Միայն վերջնական զեկույցից հետո հնարավոր կլինի խոսել մեր հետագա անելիքներից»,- մեկնաբանելով Արևելյան գործընկերության ծրագրում ներառված 6 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի մասին զեկույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Նշենք, որ զեկույցում մասնավորապես 2011 թ-ի զեկույցի հիման վրա Հայաստանին առաջարկվում է 2013 թ-ին նախանշված նախագահական ընտրություններին ընդառաջ վերացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ 2012 թ-ին խորհրդարանական ընտրություններում տեղ գտած թերությունները, հետագա ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության հարցում «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ բանակցություններում:
ԱԺ խոսնակը նշեց, որ չնայած դրան, արդեն իսկ տեսանելի են այն բացթողումները, որոնք առանց որևէ զեկույցի էլ մինչև 2013 թվականի նախագահական ընտրությունները կշտկվեն:
«Երբ ես խոսում էի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարի հետ, ասացի, որ եթե այս խնդիրներն առավել շուտ բարձրացվեր ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիտորիգի հանձնաժողովում, ապա դրանց մեծ մասը կարելի էր մեկ ժամվա ընթացքում վերացնել: Օրինակ՝ նշվում էր, որ կուսակցական պաստառները փակցված չեն դրա համար նախատեսված վայրում, կուսակցությունների դրոշները փակցված են եղել այնպիսի վայրում, որտեղ դրանք արգելվում է կամ տրակտորների բաժանումը որպես ընտրակաշառք է դիտվում: Եթե մինչ քվեարկության փուլն այս մասին ահազանգ հնչեցվեր խնդիրները կշտկվեին ու համապատասխան պարզաբանումներ կլիներ»,- ասաց Ս. Նիկոյանը:
ԱԺ նախագահը կարևոր համարեց այն հանգամանքը, որ զեկույցում նշվում է, թե Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-Հայաստան Ասոցացման պայմանագրի բանակցությունները ընթացել են արագ տեմպերով և որ մեր երկիրը նշանակալի առաջընթաց է գրանցել Եվրամիության հանձնարարականները կատարելու հարցում, ինչը թույլ է տալիս սկսել բանակցությունները «խորը և համապարփակ» ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ:
«Սա շատ կարևոր է, քանի որ մեր եվրոպացի գործընկերները ևս նկատում ու գնահատում են մեր երկրում արձանագրված նկատելի առաջընթացը»,- ասաց Ս. Նիկոյանը:
Նրա խոսքերով, ավարտված պառլամենտական ընտրություններից հետո միջազգային հանրությունը բավականին ուշադիր է իշխանությունների ձևավորման գործընթացին այն սպասումներով, որ բարեփոխումները կլինեն շարունակական:
«Կարող եմ վստահաբար նշել, որ իշխանություններն ունեն այն քաղաքական կամքը, ինչը թույլ կտա սկիզբ դրած բարեփոխումների գործընթացն ակտիվորեն շարունակելու ու իր տրամաբանական ելքին հասցնելու համար»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Անդրադառնալով «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ բանակցություններին, ԱԺ նախագահը նշեց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, թե ում պատճառով և ինչու է ձգձգվում «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթղթի ընդունումն ու ով է հետ կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից:
«Չեմ կարծում, թե հայկական կողմը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի ի ցույց դնելու Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականությունը, քանզի դա բոլորին էլ տեսանելի է: Նման զեկույցներում պետք է լինեն ոչ թե ընդհանրական, այլ հասցեական մոտեցում: Պետք է հստակ ֆիքսվի, թե ով է հետ կանգնել իր իսկ ստանձնած պարտավորություններից, ով է խախտում հրադադարի ռեժիմի կանոնները ու կրակ բացում խաղաղ բնակչության ուղղությամբ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում