«Իշխանությունները Ընտրական թարֆիքինգ կոչվող կազմակերպված հանցագործության հեղինակն են»
«Մայիսի 6-ի ընտրություններից հետո իմ համար այլ իմաստ ստացավ «մարդկանց առևտուր /trafficking/ հասկացությունը և հայեցակարգը»: Այս մասին «Կենդանի մատյանի» իր բլոգում գրառում է թողել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ու պարզաբանել միտքը.
« 20-րդ ու 21-րդ դարերի միջազգային հանրությունը ներմուծեց այս տերմինը, որպեսզի խուսափի ստրկություն բառը գործածելուց, թեպետ այն ինչ նկարագրվում է իբրև թարֆիքինգ, միանգամայն ստրկություն է: Ու պատահական չէ, որ վերջերս գոնե ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի համարձակությունը հերիքեց` խոսել ժամանակակից ստրկության մասին: Այն ինչ պատմում են Ռուսաստանում կամ անգամ Եվրոպայում ապօրինի հայտնված մեր միգրանտ հայրենակիցներն ու բարեկամները, ոչ միայն մղձավանջ է, այլևնորօրյա ստրկության տխուր պատմություն, երբ մեր տխրահռչակ հայրենակիցներից մինչև օտարներ օգտագործում-շահագործում են նրանց աշխատուժը` չվճարվելով դրա դիմաց, հաճախ էլ բռնությունների ենթարկելով ևայլն:
Բայց համաձայնեք, որ մարդկանց առևտուրը միայն մարդու աշխատուժը, մարմինը շահագործելը, մարդուն իբրև ապրանք գնելն ու դիտարկելը չէ, նրա կյանքի հետ տարբեր խաղեր խաղալը չէ: Մարդկային առևտուր եմ համարում մարդու կյանքի ու արժանապատվության հետ կապված ցանկացած իրավունքի գնումը և շահագործումը: Իսկ դրանց մեջ մտնում է նաև նրանց խիղճը, ընտրելու ազատությունը գնելը: Հետևաբար, Հայաստանի ընտրությունները գնալով վեր են ածվում մարդկանց զանգվածային առևտրի` ընտրական թրաֆիկինգի, քանի որ հասարակության մի զգալի հատված իր կամքով կամ պարտադրված ներգրավված է այդ հրեշավոր հանցագործության մեջ:
Եվ հասարակությունը այս ամենում մեղավորներից վերջինն է: Իրական պատասխանատուն բոլոր այն քաղաքական ուժերն են` կոալիցիոն երեք ուժերը հավասարապես, ովքեր կազմակերպված տեսք են տվել ընտրական թրաֆիքինգին, ովքեր մեղքը գցում են «հանրային պահանջարկի վրա», սակայն իրականում իրենք են թե առաջարկ, թե պահանջարկ ձևավորողը:
Այսքանից հետո Հայաստանի իշխանությունները դեռ զարմանում են, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս թրաֆիքինգի երկրների ցանկից: Պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն ոչինչ չի արվում, որ մեր երկիրը այդ ցուցակից դուրս գա, այլ ճիշտ հակառակը` ամեն ինչ արվում է, որ այդ խմբի մեջ Հայաստանը ավելի խորը թաղվի:
Այսքանից հետո մի զարմացեք նաև, որ ամեն մի կազմակերպություն` կրոնական, ոչ կրոնական, սեռական ու այլ, իրենց կարող են իրենց իրավունք վերապահել մասնակից դառնալ մարդու կյանքի ու արժանապատվության անքակտելի մասը կազմող այլ իրավունքների արռքուվաճառքից` մեկը խիղճ է գնում, մյուսը` մարմին, մեկ ուրիշը` հոգի: Այս ամենի թիվ 1 պատասխանատուն իշխանություններն են: Նրանք են Ընտրական թարֆիքինգ կոչվող կազմակերպված հանցագործության հեղինակը»,- մասնավորապես գրել է Ս.Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին