Մայր բուհը նշում է իր ծնունդը. ընտրվել է 19 լավագույն ուսանող
Այսօր Երևանի Պետական Համալսարանը նշում է իր ծննդյան 93-ամյակը: Ծննդյան օրվա կապակցությամբ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում կազմակերպվել է տոնական միջոցառում. հանդես են եկել Մայր բուհի երաժշտական և պարային ակումբները, ինչպես նաև ԵՊՀ շրջանավարտ և ուսանող անհատ կատարողները: Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ նաև «ԵՊՀ լավագույն ուսանող-2012» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Տոնական միջոցառման բացմանը խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: Շնորհավորելով Մայր բուհի 93-ամյակի կապակցությամբ` նա ցանկություն հայտնեց, որ Պետական Համալսարանի ավանդույթները շարունակական լինեն:
«1919 թվականին, երբ երկրում սով էր, մեծ թվով փախստականներ, և մոլեգնում էին հիվանդությունները, մեր պետական այրերը չկորցրեցին իրենց վճրականությունը և հանձն առան համալսարանի բացումը: Հուսով եմ, որ այսօր կարելի է ասել, որ նրանց երազանքն իրականացվեց», - նշեց ԵՊՀ ռեկտորը:
Նա ընդգծեց, որ ԵՊՀ-ն ոչ միայն գիտակրթական, այլ նաև մշակութային օջախ է,որն արտահայտում է նաև հայ ժողովրդի իղձերն ու ցանկությունները: Նա քաջալերեց հպարտ լինել ԵՊՀ շրջանավարտի կոչում ունենալուց և կոչ արեց համալսարանականներին միշտ լինել բարձունքների վրա:
Հիշեցնենք, որ 1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: Մինչ օրս Մայր բուհը տվել է շուրջ 100 հազար շրջանավարտ: Ներկայումս համալսարանում գործում է 19 ֆակուլտետ, ավելի քան 100 ամբիոն, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:
Տոնակատարության շրջանակներում անցկացվող «ԵՊՀ լավագույն ուսանող-2012» ամենամյա մրցանակաբաշխությանը այս տարի ևս պարգևատրվեց 19 ուսանող` համալսարանի բոլոր ֆակուլտետներից:
Մինչ այդ ԵՊՀ յուրաքանչյուր ֆակուլտետի գիտական խորհուրդների կողմից ներկայացվել են 3-ական թեկնածուների անունները, որոնցից մրցանակաբաշխության հանձնաժողովը ընտրելու էր լավագույններին:
Ինչպես Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, ԵՊՀ Ուսանողական Գիտական ընկերության նախագահ Միքայել Մալխասյանը, 8 անդամներից կազմված հանձնաժողովն առաջադրված թեկնածուներից ընտրել է մեկական ուսանող, որոնց այսօր հանձնվեցին հավաստագրեր և Համալսարանի ուսանողների բարձրագույն պարգևը` «ԵՊՀ բրոնզե հուշամեդալը»:
Նրա խոսքով` ներկայացված թեկնածուներից լավագույներին ընտրելու գործընթացում հանձնաժողովն առաջնորդվում է հիմնական չափանիշներով` ուսման առաջադիմություն, գիտական աշխատանքներ կատարելու ունակություն, ուսանողական հասարակական ակտիվություն և օրինակելի վարք: Ըստ ՈւԳԸ նախագահի` յուրաքանչյուր չափանիշի համար ուսանողին առանձին գնահատական է տրվում:
«Թեկնածուների հավասար ցուցանիշների դեպքում հաշվի են առնվել թեկնածուի կողմից լրացված հարցաթերթում տեղ գտած հարցերի շուրջ նրա արտահայտած դիրքորոշումն ու մոտեցումները, որից հետո, ըստ կանոնակարգի, քվեարկությամբ որոշվում է լավագույնը», - ասաց ԵՊՀ ՈւԳԸ նախագահը:
Միքայել Մալխասյանը նաև շեշտեց, որ «ԵՊՀ լավագույն ուսանող» կոչումը տրվում է ըստ ֆալուլտետների, քանի որ մասնագիտությունները տարբեր են: «Մասնագիտությունների, ֆակուլտետների չափորոշիչների միջև զգալի տարբերություններ կան, ուստի պարզապես անիմաստ է այնպիսի մի անվանակարգ մտցնել, որ մեկը ճանաչվի բոլոր ֆակուլտետների թեկնածուների մեջից լավագունը», - ասաց նա:
Ի դեպ, մեր զրուցակիցը 2011 թվականին ճանաչվել էր «ԵՊՀ լավագույն ուսանող» պատմության ֆակուլտետից: «Ես շատ ուրախ եմ, որ այս տարի ևս 19 հոգի արժանացան ուսանողական այս բարձրագույն պարգևի», - եզրափակեց Միքայել Մալխասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան