Քաղտեխնոլոգ. Կոալիցիայի դեպքում ՀՀԿ-ն շահելու է, ԲՀԿ-ն` տուժելու
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ֆինանսական լայնամասշտաբ միջոցառում էին, որտեղ գործել է նախագահական ընտրությունների համար շատ կարևոր` ընտրակաշառքի և ընտրակեղծիքների բուրգը: Նման կարծիք այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Ըստ բանախոսի` ասել, թե ընտրությունների ժամանակ միայն ընտրակաշառքով է հարցը լուծվել, ճիշտ չէ: Քաղտեխնոլոգի խոսքով` պետք չէ ուշադրություն դարձնել նաև կուսակցությունների ստացած տոկոսներին և կենտրոնանալ դրա վրա, քանի որ հստակ չէ, թե քանի հոգի է մասնակցել ընտրություններին:
Անդրադառնալով մեծ շահարկումների առիթ դարձած ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմելու հարցին, Ա. Բադալյանը նկատեց, որ ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի, քանի որ խորհրդարանում արդեն ունի 75 մանդատ` նկատի ունենալով նաև «Օրինաց երկրի» մանդատները:
«Երբ ասում ենք Հանրապետական, ՕԵԿ-ն էլ հետն է: Երբ ասում ենք Մուրադ՝ Արուսն է հետն է: Նրանց տեսականորեն պետք չի կոալիցիա»,-ասաց քաղտեխնոլոգը, միաժամանակ հավելելով, որ Հանրապետական կուսակցությանը պետք է ձևավորել կոալիցիա այլ պատճառներից ելնելով:
«Կոալիցիա կազմելու դեպքում ԲՀԿ-ի ընտրազանգվածի խնդիր կլինի, կուսակցությունից կհեռանա այն ընտրազանգվածը, որը նրան դիտարկեց որպես այլընտրանքային ուժ ՀՀԿ-ին: Հասարակությունը Գագիկ Ծառուկյանին հավասարեցնելու կամ նույնացնելու է Արթուր Բաղդասարյանի հետ: Կոալիցիա կազմելու դեպքում PR տեսանկյունից ՀՀԿ-ն միանշանակ շահելու է, ԲՀԿ-ն` տուժելու»,-ասաց նա:
Բանախոսի գնահատմամբ` կոալիցիան լավ կաշխատի նախագահական ընտրությունների ժամանակ: «Անկախ ԲՀԿ-ի` կոալիցիա մտնել-չմտնելուց, հարցը չի լուծվելու, քանի որ ընտրակեղծիքների բուրգն աշխատելու է նախագահական ընտրությունների ժամանակ, ուղղակի ԲՀԿ-ի կոալիցիայի մաս լինելու դեպքում այդ ամենն ավելի գեղեցիկ կներկայացվի»,- նշեց փորձագետը:
Ըստ Ա.Բադալյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է տուժել և կոալիցիա կազմելուց, և չկազմելուց: Կոալիցիա չմտնելու դեպքում, քաղտեխնոլոգի կարծիքով, նրան սպասվում է երկու ճակատագիր: Առաջինն այն է, որ մեխանիկորեն դառնալու է ընդդիմություն։ «Բայց եթե մնա նույն որակով, որպես կառույց՝ էլի թուլանում է: ԲՀԿ-ն պետք է որակապես փոխվի, որպեսզի հնարավորություն ունենա ինչ-որ բան փոխելու»,-ասաց բանախոսը:
Բադալյանի կարծիքով` կոալիցիա կազմելու դեպքում ԲՀԿ-ն 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն ռեսուրսները չի ունենա, որպեսզի կարողանա ապահովել ընտրազանգված:
Պատասխանելով լրագրողների հարցին, ինչ կլինի 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, եթե ԲՀԿ-ն կոլացիա չկազմի, և խորհրդարան անցած ուժերը միանան, Ա. Բադալյանը նշեց, որ որևէ փոփոխություն չի կարող լինել, նույնիսկ եթե գործի փողոցի, հեղափոխության տարբերակը. «Եթե դրսի աջակցություն չկա, քաղաքական ուժերը չեն կարող իրենց ցանկալի արդյունքին հասնել», - ասաց քաղտեխնոլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները