Հայաստան է բերվել Լոնդունում տպագրված ընդունելության քննությունների թեստերը
Հայաստան է բերվել անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում տպագրված միասնական քննությունների թեստերի առաջին խմբաքանակը, որը օդանավակայանից անմիջապես տեղափոխվել է «Արարատբանկի» կենտրոնական մասնաշենքի պահուստ։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը՝ հավելելով, որ մեծաքանակ տպագրություն մեկ օրում դեռևս ԳԹԿ տպարանը չի կարող իրականացնել, այդ պատճառով մեծաքանակ առարկաների թեստերը տպագրվել են Լոնդոնում:
Նրա խոսքերով՝ քննություններից մեկ օր առաջ «Հայինկասացիայի» ուղեկցությամբ թեստերը՝ փակ ծրարներում, կտեղափոխվեն քննական կենտրոններ և կբացվեն դիմորդների ներկայությամբ: Գ.Մանուկյանը նշեց, որ ծրարները միաժամանակ կբացվեն թե քննության մեկնարկի ժամանակ, թե ԳԹԿ-ում: «ԳԹԿ է հրավիրվում ոչ միայն թեստ կազմող խումբը, այլև այլ մասնագետներ, ովքեր դիմորդների հետ նույնպես առաջին անգամ ծանոթանում են թեստերի հետ»,- ասաց Գ.Մանուկյանը՝ նշելով, որ եթե մասանգետները նկատեն վրիպակներ, ապա անմիջապես կտեղեկացնեն ԳԹԿ-ին: Ըստ նրա՝ ցանկացած առաջադրանք, որը վիճահարույց է՝ լուծվելու է հօգուտ դիմորդի:
ԳԹԿ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այս տարի մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն առարկաների առաջադրանքները կազմվել է ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարաններից, մասնավորապես 5 հազար առաջադրանքներից ընտրվել են 80-ը: «Նպատակն է ստեղծել առաջադրանքների բազա և թեստերում ընդգրկել այդ առաջադրանքները»,- ասաց Գ.Մանուկյանը:
Նա հույս հայտնեց, որ քննությունները կանցնեն սահուն և հետքննական լարված մասնագիտական բանավեճեր տեղի չեն ունենա, քանի որ դրանք ազդում են երեխաների հոգեբանության վրա: «Սակայն մեկ անգամ ևս պետք է նշել, որ հայտնաբերված ցանկացած վրիպակի դեպքում խնդիրը լուծվելու է հօգուտ դիմորդի»,- ասաց Գ.Մանուկյանը:
Ի դեպ, նախորդ տարվա ընդունելության քննությունների ժամանակ բողոքարկողներ չեն եղել, սակայն մասնագետները թեստերում հայտնաբերել են անճշտություններ և անկախ ամեն ինչից առաջադրանքները վերանայվել են: «Իսկ բողոքարկումներ չեղան, քանի որ չէր աշխատել կրկնուսույցների ինստիտուտը, իսկ հիմնականում նրանք են մշտապես բարձրաձայնել այդ վրիպակներ մասին»,- ընդգծեց Գ.Մանուկյանը:
Նա նշեց նաև, որ հանրապետությունում այս տարի բուհական ընդունելության համար միասնական քննությունների դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ, որոնցից 11792-ը հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի հայոց լեզու և հայ գրականություն առարկայից, 8954-ը հունիսի 12-ին՝ մաթեմատիկայից:
Քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին, այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն կենսաբանություն (1941 դիմորդ), աշխարհագրություն (393 դիմորդ) և ընդհանուր պատմություն (401 դիմորդ) առարկաներից: Օտար լեզուներից ռուսերենով քննություն կհանձնի 1283 դիմորդ, անգլերեն՝ 8171, գերմաներեն՝ 520, իսկ ֆրանսերեն՝ 447 դիմորդ: Իտալերենից, իսպաներենից և պարսկերենից միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել, համապատասխանաբար, 4, 25 և 5 շրջանավարտ-դիմորդ։
Գ.Մանուկյանը հայտնեց, որ ռուսաց լեզվի քննությունը կանցկացվի հունիսի 8-ին, իսկ մնացած օտար լեզուներից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 15-ին: Ֆիզիկա առարկայից դիմում-հայտ ներկայացրել էր 3392 դիմորդ, նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին, և միասնական քննությունների եզրագիծը կհատվի հունիսի 22-ին: Վերջին օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն հայոց պատմություն (3265 դիմորդ) և քիմիա (1515 դիմորդ) առարկաներից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան