Դ. Հարությունյան. Ընտրական օրենսգրքում ներդրված գործիքները հիմնականում պատշաճ աշխատել են
«Ես կարծում եմ, որ Եվրոպայի արևելյան հարևանության քաղաքականության` Հայաստանին առնչվող վերջին զեկույցի վերաբերյալ մամուլում տարածված մեկնաբանությունները որոշակի ԶԼՄ-ների` իրենց աշխատանքի նկատմամբ բացարձակ անպատասխանատու վերաբերմունքի վառ ապացույցն են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով նշված զեկույցի վերաբերյալ մամուլում տարածված այն տեղեկատվությանը, թե Եվրահանձնաժողովը հայաստանյան ընտրությունների վերաբերյալ բացասական գնահատական է տվել:
Նկատենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի կողմից ներկայացված զեկույցում մայիսի 6-ին կայացած քվեարկության վերաբերյալ ընդամենը մեկ անդրադարձ կա, որտեղ մասնավորապես ասված է. «Կայուն և խորը ժողովրդավարության ոլորտում ձեռնարկվել են դրական քայլեր երկիրն առաջիկա ընտրություններին նախապատրաստելու համար, ի դեմս ընտրական օրենսդրության փոփոխության և նախագահի կողմից համաներման կիրառմամբ այն անձանց նկատմամբ, ովքեր ձերբակալվել էին 2008 թվականի մարտյան իրադարձությունների հետ կապված մեղադրանքներով»:
Ընտրություններին առնչվող մեկ այլ անդրադարձ էլ առկա է առաջարկների բաժնում: Այնտեղ մասնավորապես ասված է. «2013 թվականին նախանշված նախագահական ընտրություններին ընդառաջ վերացնել մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կողմից հայտնաբերված բացթողումները, որպեսզի ընտրությունները լիովին համապատասխանեն միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին»:
Թեև զեկույցում արձանագրված են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում գրանցված մի շարք դրական ձեռքբերումներ, այդուհանդերձ Եվրահանձնաժողովը առանձնացրել է նաև մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ առաջարկել է քայլեր ձեռնարկել: Խոսքն առաջին հերթին մարտի 1-ի դեպքերի լիակատար բացահայտումն է, ինչպես խղճի ու դավանանքի ազատության, հեռարձակող լրատվամիջոցների բազմակարծություն ապահովելու, գենդերային իրավահավասարության ոլորտներում օրենսդրության բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը, իրավապահ համակարգի բարեփոխումը և այլն
Մեկնաբանելով զեկույցում մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դրույթը, մասնավորապես՝ պատասխանելով հարցին, թե ինչ են ակնկալում եվրոպացիները՝ Դ. Հարությունյանը նշեց. «Մարտի 1-ի գործով հետաքննությունը երբեք չի էլ դադարել և այդ առումով, նշեմ, որ հարցադրումն ընդամենը այն է, ինչ մենք իրականում անում ենք: Այսինքն` այդ հետաքննությունը չի դադարել, շարունակվում է և իհարկե, բոլոր ջանքերը գործադրվում են, որ այդ հանցագործությունը բացահայտվի»:
Ինչ վերաբերում է օրենսդրական ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին, Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք հատկապես հեռարձակման ոլորտում առաջարկվող լուծումներից: Այս կապակցությամբ ԱԺ պատգամավորը կարծիք հայտնեց, որ ցանկացած երկրում, որտեղ հասարակական հարաբերությունները բուռն զարգացման փուլում են գտնվում, պարբերաբար պետք է ուսումնասիրել օրենսդրությունը և տեսնել, թե ինչ թերություններ կան. «Որոշակի թերություններ նշմարված են: Այնուամենայնիվ, եթե նկատեցիք, վերջին ընտրությունները ևս լուրջ քայլ էին: Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մեզ հաջողվեց վերացնել բազմաթիվ թերություններ, որոնք մինչ այդ նշմարվում էին: Կարծում եմ, որ պետք է մանրամասն ուսումնասիրել, թե ինչ խնդիրներ ենք տեսնում ներկայումս և օրենսդրական մակարդակով դրանց անդրադարձ կատարենք»:
Ինչ վերաբերում է ընտրություններին, Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև, թե քվեարկության ընթացքում փոփխված ընտրական օրենսգրքի որ գործիքները հաջողությամբ կիրառվեցին և որոնք չարդարացրեցին իրենց, և արդյոքայդ հարցերը քննարկվել են եվրոպացի պաշտոնյաների կամ փորձագետների հետ: «Հիմնականում ընտրական բոլոր գործիքները պատշաճ աշխատել են: Միակ թերությունը օքսիդացող կնիքներին էր վերաբերում: Բոլորն ընդունում են, որ սա տեխնիկական խնդիր է եղել, և միաժամանակ նշում են, որ եթե եղել է տեխնիկական խնդիր, պետք է այս ուղղությամբ մտածել, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի հետո դա չլինի: Ընդհանուր առմամբ, որոշակի բացթողումներ մենք էլ ենք նկատել և պատրաստվում ենք շտկել դրանք»,- հավելեց Դ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները