Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքական ուժերը մեղադրում են հասարակությանը
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարություններին` «Голос Армении»-ն նկատում է, որ առաջին անգամ Հայաստանի ընտրական պատմության մեջ դժգոհ քաղաքական ուժերը մեղադրում են ժողովրդին հանցագործության` կաշառակերության մեջ: «Իրենց պարտության մեջ ընտրողներին մեղադրող քաղաքական գործիչները գիտակցաբար, թե ոչ, բայց խախտում են հարյուր հազարավոր քաղաքացիների անմեղության կանխավարկածը, քանի որ կաշառք վերցնելը նույնքան օրենքի խախտում է, որքան այն առաջարկելը»,-գրում է թերթը և հավելում, որ գրեթե բոլոր այն քաղաքական գործիչներն, ովքեր այսօր խոսում են ձայների վաճառքի մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում հրահրել են հասարակությանը վաճառել իր ձայները:
«Քաղաքական գործիչները կոչ էին անում բնակչությանը գումարներ վերցնել, բայց քվեարկել իրենց խղճին համաձայն, սակայն ընտրողը շատ ավելի պարկեշտ պահվածք ունեցավ, քան քաղաքական գործիչներն էին, քանի որ պարկեշտ մարդու խիղճը թելադրում է երկու հստակ ճանապարհ կամ գումար վերցնել և դրա փոխարեն անել այն, ինչ խոստացել ես, կամ էլ հրաժարվել գումարից և գործել հանուն գաղափարի»,-նկատում է «ГА»-ն: Թերթը նշում է, որ այս ամենից զատ հասարակությունը այլևս չի հավատում ընդդիմադիր կուսակցություններից շատերի խոստումներին, քանի որ այդ կուսակցությունների մեծ մասը ժամանակին իշխանություն է եղել և որևէ դրական բան չի արել պետության համար. մասնավորապես` ՀԱԿ/ՀՀՇ-ն մարդկանց հիշեցնում է ցուրտ ու մութ 90-ականները, իսկ ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը կոալիցիոն իշխանությունների անդամ են եղել: