Երևանի վերալակային տնտեսությունը լուրջ արդիականացման կարիք ունի. Քաղաքապետ
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերալակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի:
«Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի առնենք, որ մեր բնակիչների անվտանգության հարցն է կարգավորվում: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում նպաստելու դրանց իրականացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունեության համար՝ «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրենը նշել է, որ ԱՊՀ տարածքում իտալական «ORIOLE», «VOEM» և հարավկորեական «GYG» վերելակներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող իրենց ընկերությունը զբաղվում է վերելակների, շարժասանդուղքների վերանորոգմամբ և տեղադրմամբ: Բարձր գնահատելով քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումները՝ Մահմուդ Հուդային պատրաստակամություն է հայտնել համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ:
Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կուսումնասիրի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերն ու, ըստ այդմ, կնախապատրաստի ներդրումային հստակ առաջարկի փաթեթ` առավել առարկայական դարձնելով համագործակցության հնարավորությունը: