Հայաստանից արտահանվող մետաղների գները շարունակում են նվազել
2011թ.-ի ընթացքում գունավոր և թանկարժեք մետաղների գները բորսաներում բարձր փոփոխականություն ցուցաբերեցին: Անցած տարվա սեպտեմբերի, ինչպես նաև դեկտեմբերի վերջին մետաղների գների կտրուկ անկումից հետո բորսաները 2012թ.-ի սկզբին նորից աճ գրանցեցին: Սակայն փետրվարի վերջին դրանց աճը դադարեց և սկսեց աստիճանաբար նվազել, որը շարունակվում է մինչ այժմ: Մոտավորապես միանման միտումներ ցուցաբերեցին ինչպես գունավոր արդյունաբերական մետաղները` պղինձը, նիկելը, ալյումինը, ցինկը, կապարը, անագը, այնպես էլ թանկարժեք մետաղները` ոսկին, արծաթը, պլատինը և պալադիումը: Սակայն նշենք, որ այս տարվա 3 ամիսների ընթացքում գրանցված անկումը այնքան էլ զգալի չէ, ավելի կարևոր է թե այն ինչպիսի միտումներ կդրսևորի տարվա երկրորդ կեսին և մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում:
Այս տարվա ընթացքում բորսաներում մետաղների գների վրա ազդող բացասական ազդակները ընդհանուր առմամբ պայմանավորված են եղել և ֆինանսական, և տնտեսական, և քաղաքական գործոններով, որոնցից ամենակարևորներից են` Եվրամիության շարունակվող ռեցեսիան և եվրոյի գոտու որոշ երկրներում խրոնիկական դարձած պարտքային ճգնաժամը, ԱՄՆ-ից հաճախ ստացվող ոչ այնքան հուսադրող մակրոտնտեսական ցուցանիշները, Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական աճի դանդաղեցման տեմպերը, վերջին ամիսներին ամերիկյան դոլլարի արժեվորումը մի շարք արտարժույթների նկատմամբ, ինչպես նաև հատկապես Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կառավարության ճգնաժամը:
Միաժամանակ մի շարք երկրներում` հատկապես Հնդկաստանում և Չինաստանում նվազեց արդյունաբերական որոշ մետաղների նկատմամբ պահանջարկը: Բացի այդ, շուկաներում գրանցվեցին առաջարկի և պահանջարկի որոշ անհամապատասխանություններ, ինչպես նաև բորսաներում կուտակված որոշ մետաղների պաշարների ավելացում, արդյունքում նկատվեց այդ մետաղների պրոֆիցիտ շուկայում, որն էլ նպաստեց տվյալ մետաղների գների նվազմանը: Այս ընթացքում կրճատվեց նաև գունավոր մետաղների սպեկուլյատիվ գործարքների ծավալը, իսկ դա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության նկատմամբ անորոշ սպասումները նվազեցրեցին սպեկուլյանտների կողմից այդ մետաղների նկատմամբ պահանջարկը: Համենայն դեպս, նշված մետաղների գների անկման միտումների միանմանությունը հուշում է, որ անորոշությամբ պայմանավորված ներդրումային և սպեկուլյատիվ գործոնները ավելի մեծ ազդեցություն են թողել, քան դրանց նկատմամբ արդյունաբերական պահանջարկի անկումը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում առանձնակի կարևոր նշանակություն ունեն մոլիբդենը, պղինձը, ինչու չէ նաև ոսկին և ցինկը: Այդ պատճառով ակնհայտ է, որ նշված մետաղների բորսայական գների փոփոխությունները որոշակի ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության և արտահանման ծավալների վրա: Օրինակ՝ ըստ ՀՀ մաքսային ծառայության արտահանման վիճակագրության տվյալների 2011 թվականին արտահանման կառուցվածքում պղնձի հանքաքարի և խտանյութի արտահանումը կազմել է 260.5 մլն. ամերիկյան դոլլար, չզտված պղինձը` 114.5 մլն. դոլլար, ֆեռոմոլիբդենը (երկաթահամահալվածք)` 121.2 մլն. դոլլար, ոսկին` 67.3 մլն. դոլլար, ցինկի հանքաքարը և խտանյութը` 13.8 մլն. դոլլար, մոլիբդենի հանքաքարը և խտանյութը` 11.1 մլն. դոլլար: Նշենք, որ բացի վերը նշված մետաղներից Հայաստանում կորզվում է նաև ռենիում, արծաթ, ինչպես նաև ներկրվող ալյումինից ստացվում է ալյումինի փայլաթիթեղ, որի արտահանումը անցած տարի կազմել է 86.9 մլն. դոլլար:
Ինչպես տեսնում ենք ստորև բերված գրաֆիկից, այժմ մոլիբդենի շուկայական գինը կազմում է 31 հազար դոլլար, որն անցած տարվա միջին գնի համեմատ զգալիորեն նվազել է: Մոլիբդենի շուկայի վրա մեծ ազդեցություն ունի Չինաստանը, որը միաժամանակ և արտահանող, և ներմուծող երկիր է (ապահովում է առաջարկի 16%-ը, պահանջարկի մոտ 10%-ը): Հենց Չինաստանից արտահանվող մոլիբդենի ցածր գնային քաղաքականության արդյունքում է, որ վերջին տարիներին նկատվել է մոլիբդենի գնի անկում: Մոլիբդենի հիմնական գնորդներն են ԱՄՆ-ը 21%, եվրոպական երկրները 33% (հատկապես Բելգիան 16%, Հոլանդիան 12% մասնաբաժիններով) և Ճապոնիան 12%: Այս տարի Չինաստանի կողմից մոլիբդենի ներկրման էական աճ չի սպասվում: Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից նույնպես աճի սպասելիքներ չկան: Մոլիբդենի շուկայի իրավիճակի վրա կարող է ազդել նոր հանքավայրերի շահագործվելու հեռանկարները ԱՄՆ-ում և Չիլիում: Համենայն դեպս, այս տարվա երկրորդ կեսի համար մոլիբդենի գների էական բարձրացում չի սպասվում:
Ներկայումս պղնձի գինը շուկայում կազմում է 7710 դոլլար մեկ տոննայի համար, փետրվարի համեմատ այն նվազել է մոտ 800 դոլլարով: Հայտնի է, որ պղինձի հիմնական սպառողներն են Չինաստանը և Ճապոնիան, որոնք բավարարում են պղնձի համաշխարհային պահանջարկի մոտ կեսը: Սակայն պղնձի գների անկումը ոչ այնքան արդյունաբերական պահանջարկի անկմամբ էր պայմանավորված, որքան սպեկուլյանտների կողմից համաշխարհային տնտեսության նկատմամբ անորոշ սպասելիքների պատճառով ռիսկային գործարքների նվազմամբ:
Մոտ ապագայում ոսկու, ինչպես նաև պղնձի գները մեծապես կախված կլինեն այն բանից, թե ինչպես իրեն կդրսևորի ԱՄՆ-ի Ֆեդերալ պահուստային համակարգը (ՖՊՀ): Եթե ներկայիս պասիվ քաղաքականությանը հաջորդի երրորդ փուլի այսպես կոչված դոլլարի քանակական մեղմացման քաղաքականությունը, այսինքն եթե ՖՊՀ-ը նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը և դոլլարի լրացուցիչ էմիսսիա կատարի, ապա դա կբերի դոլլարի թուլացմանը, ինչը իր հերթին պատճառ կդառնա ոսկու և պղնձի գների բարձրացմանը: Հայտնի է, որ ոսկու գինը ավելի շատ պայմանավորվում է ներդրումային և սպեկուլյատիվ գործոններով, քան արդյունաբերական և ոսկերչության պահանջարկով: Ոսկին պաշտպանիչ ակտիվ է (ինչպես նաև պլատինը, արծաթը, պալադիումը) և դոլլարի արժեզրկման, ինչպես նաև ինֆլացիոն ճնշումների դեպքում այդ մետաղները նորից ներդրողների համար կհանդիսանան «խաղաղ հանգրվաններ»: Դա էլ կբերի այդ մետաղների գների թանկացմանը:
Անդրադառնանք նաև ցինկին, թեև Հայաստանից ցինկի խտանյութի արտահանման ծավալները մյուս արտահանվող մետաղների կամ դրանց խտանյութերի արժեքային արտահայտությամբ համեմատ փոքր է: Նշենք, որ այն հավանաբար կդրսևորի այնպիսի վարքագիծ, ինչպիսին պղնձի գները կդրսևորեն, թեև այն ի տարբերություն պղնձի, ցինկը պաշտպանիչ ակտիվ է հանդիսանում: Հնարավոր է, որ այս տարի ցինկի առաջարկը կկրճատվի մի շարք հանքերի փակման պատճառով, որն էլ կարող է ցինկի պաշարների դեֆիցիտ ստեղծել համաշխարհային շուկայում: Այդ դեպքում այն կարող է գների որոշակի աճ գրանցել:
Միաժամանակ կցանկանայինք ավելացնել, որ Հայաստանի մի շարք բազմամետաղային և ոսկի-բազմամետաղային հանքավայրերը պարունակում են նաև կապար: Օրինակ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Դինո Գոլդ» ընկերության կողմից նպատակահարմար կլիներ արդյունահանված հանքաքարից կորզել նաև կապարի խտանյութ: Պղնձի խտանյութում կապարի պարունակության նվազեցման հաշվին կարելի է ստանալ կապարի կոնդիցիոն խտանյութ արտահանելու համար, որը լրացուցիչ եկամուտներ կապահովեր ընկերությանը և մեր տնտեսությանը: Կապարի գինը նույնպես նվազել է և ներկայումս կազմում է 2016 ամերիկյան դոլլար, անցած տարվա ապրիլին այն կազմել է 2732 դոլլար:
Որպես ամփոփում նշենք, որ հնարավոր է որոշ ժամանակ գունավոր և թանկարժեք մետաղների գները կնվազեն: Այն կդադարի, երբ դոլլարը նորից սկսի թուլանալ և որպես «ապահով ակտիվ» իր հետաքրքրությունը կորցնի: Մոլիբդենը, ինչպես նաև գունավոր մետաղները մոտակա 1-2 տարվա ընթացքում գների էական աճ չեն գրանցի, որը պայմանավորված կլինի համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնումով և Եվրոպայից եկող բացասական ազդակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում