«Թանգարանների գիշեր». Հայաստանյան թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր և մուտքն՝ անվճար
Մայիսի 19-ի երեկոյան ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր Հայաստանի տասնյակ թանգարանների դռները բաց կլինեն այցելուների համար՝ անվճար. մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, որը նշվում է «Թանգարնները փոփոխվող աշխարհում» կարգախոսով: Թանգարաններն այդ օրը կաշխատեն ժամը 11:00- 18:00-ը և անվճար, իսկ արդեն հաջորդ օրը անցկացվելու է «Թանգարանների գիշեր» միջոցառումը:
Հայաստանից բացի, «Թանգարանների գիշեր» ծրագիրն իրականացվում է նաև Եվրոպայի ավելի քան 40 երկրներում և նվիրված է թանգարանների միջազգային օրվան։ Առաջին անգամ այս ակցիան անց է կացվել 1999թ. Ֆրանսիայում` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, իսկ արդեն 2001թ.-ին դրան մասնակցում էր ավելի քան 39 երկիր:
Այդ օրը երևանյան ու մարզային թանգարաններում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Panorama.am-ի հետ զրույցում Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ այդ օրը թանգարանում ներկայացնելու են «Ս. Փարաջանովի նամակագրությունը 1974-1977 թթ. բանտում եղած տարիներին» ցուցահանդես: Նա նշեց, որ ցուցադրվող նամակները թանգարանի ֆոնդից են, բայց մշտական ցուցադրության ներկայացված չեն:
Հայաստանի պատմության թանգարանում այցելուները կարող են դիտել «Գիրը ժամանակների վկա» ցուցահանդեսը, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Սուրենյանցը և իր ժամանակակիցները», «Հայ ժամանակակից գրականությունը» ցուցահանդեսները, «Ռուս կերպարվեստը 19-րդ դարում» տեսաշար, կազմակերպվելու է նաև «Գրքի ստեղծումը» խաղ-էքսկուրսիա, «Գրի հավերժությունը» ինտերակտիվ էքսկուրսիա, ներկայացվելու է «Բնական գրագիտություն» զրույց, այնուհետև՝ քննարկում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ , «Գեղանկար-գրականություն երկխոսություն» բեմականացում:
«Թանգարանային գիշեր» ակցիային մասնակից թանգարանների ու նախատեսված միջոցառումների ցանկին ծանոթացեք այստեղ: