ԿԸՀ-ն լռում է, ԱԺ-ում սպասում են
Ազգային ժողովում սպասողական վիճակ է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի շտապում համամասնական ընտրակարգով ընտրված բոլոր 90 պատգամավորների ցանկը ներկայացնել, որպեսզի խորհրդարանում կարողանան պատրաստվել ԱԺ անդրանիկ նստաշրջանին:
Իսկ ԿԸՀ-ում ժամկետները դեռ չեն հստակեցրել.ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկայում կհայտարարի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը և հանդիսավոր կերպով պատգամավորներին կբաժանվեն մանդատները:
Մինչ այդ, փորձենք հասկանալ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի մասին ի՞նչ է սահմանում հայաստանյան օրենսդրությունը: Մայր օրենքի` ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածով, նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքը հստակեցնում է՝ ժամը 10-ին և դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Մեր հաշվարկներով, եթե խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտարարվել են մայիսի 13-ին, ապա ԱԺ առաջին նստաշրջանը կկայանա մայիսի 31-ին` հրապարակման օրվանից հետո երրորդ հինգշաբթի:
«Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուղարկի պատգամավորների ցուցակները, մենք կոնկրետ աշխատանք կունենանք, այս պահին ԿԸՀ-ն դեռևս ցուցակ չի ուղարկել», -մեզ հետ զրույցում փոխանցեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը:
Պատգամավորների անունների ցուցակն ստանալուց հետո կորոշվի` որ պատգամավորն է ամենատարեցը և աշխատակազմը կօգնի նրան վարել առաջին նիստը. ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է` «մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը»:
Առաջին նստաշրջանի բացման ժամանակ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այդ ելույթներից հետո պատգամավորները երդվում են` «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:
ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է նաև առաջին նստաշրջանի հետագա ընթացքը. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, որից հետո, սույն օրենքով սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում:
Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է մի քանի հարց` հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ: Նույն նիստում կորոշվեն նաև ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները, ինչպես նաև կընտրվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ: Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը առավելագույնը պետք է լինի 12, ինչպես եղել նախորդ գումարման ԱԺ-ում: Չի բացառվում, որ նոր խորհրդարանում դրանք պակասեն:
ԿԸՀ-ից ցուցակն ստանալուն պես, ինչպես ԱԺ Կանոնակարգ օրենքն է պարտադրում, յուրաքանչյուր խմբակցությանը կբաշխվեն ԱԺ նիստերի դահլիճում իրենց տեղերը: «Մենք այդ հատվածները նաև իրենց` խմբակցության ղեկավարների հետ պետք է համաձայնեցնենք, որպեսզի որոշենք ու պայմանավորվենք` ով, որտեղ է նստելու», -նշեց Թաթուլ Սողոմոնյանը:
Իսկ ինչպե՞ս են պատգամավորները սովորելու օգտվել քվեարկության համակարգից: Սողոմոնյանի խոսքով, յուրաքանչյուրի սեղանին կլինեն ուղեցույցներ, որպեսզի պատգամավորները տեղեկանան` ինչպես օգտագործել քվեարկության քարտը:
Նոր Ազգային ժողովում թերևս միակ նորամուծությունը Էթիկայի հանձնաժողովի կազմավորումն է, որը հենց առաջին նստաշրջանի ժամանակ է տեղի ունենալու:
Իսկ ի՞նչ է սպասվում նախորդ գումարման Ազգային ժողովի օրակարգում մնացած օրինագծերին:
Ազգային ժողովի աշխատակազմը նորընտիր Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում առաջին ընթերցում անցած օրինագծերի ցանկը, և ԱԺ նախագահը չորսօրյա ժամկետում ուղարկում է դրանք կառավարություն և համապատասխան գլխադասային հանձնաժողով, որոնք էլ եզրակացություններ են ներկայացնում դրանց վերաբերյալ: «Եթե լինեն և հանձնաժողովը, և կառավարությունը բացասական եզրակացություններ տան, բնականաբար դրանք չեն ընդգրկվի ԱԺ օրակարգ, իսկ մյուս նախագծերը, որոնք օրենքով ժամկետներ չունեն, պետք է նորից ներկայացնեն», -պարզաբանեց Թաթուլ Սողոմոնյանը:
Հայաստանի Ազգային ժողովը ընտրվում է հինգ տարի ժամկետով: Խորհրդարանը կազմված է 131 պատգամավորներից, որոնցից 41-ն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա