Ս.Սաֆարյանը կսպասի նախագահական ընտրություններին ու նոր կմեկնի Հայաստանից
«Ժառանգության» խորհրդարանական հիմնական կորիզի նորընտիր Ազգային Ժողովից դուրս մնալը շարունակում է մնալ ներքաղաքական ակտուալ թեմաներից մեկը, ինչը հասկանալի է` որքան էլ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը և Ստյոպա Սաֆարյանը արդեն հոգնել են իրենց շուրջ պտտվող լուրերը մեկնաբանելուց, իրավիճակն այդպիսին է լինելու, քանի դեռ քաղաքական այլ իրադարձություն, ասենք` կոալիցիայի հռչակագրի ստորագրումը իրենով չի քողարկի ժառանգականներին:
Հերթական լուրը` կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանը Ստյոպա Սաֆարյանին հավաստիացրել ու անգամ խոստացել է անել ամենը, որպեսզի ցուցակում 8-րդ հորիզոնականում գտնվող Ս.Սաֆարյանը պատգամավորի մանդատ ստանա: Սակայն Ս.Սաֆարյանը հրաժարվել է, քանի որ որևէ ցանկություն չունի խորհրդարանում աշխատել «Ազատ դեմոկրատների» հետ միասին:
Թե որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը Panorama.am-ը զրուցեց հենց Ս.Սաֆարյանի հետ:
Եթե ես ցանկություն չունենայի աշխատել «Ազատ դեմոկրատների» հետ, հաստատ չէի լինի ցուցակում: Իսկ եթե կամ, ապա այդ լուրը անմիջապես հերքվում է»:
-Բայց նման խոսակցություն պարոն Հովհաննիսյանի հետ եղե՞ լ է:
-Ոչ: Ինչ վերաբերում է իմ մանդատ ստանալու-չստանալու հարցին, ես փակված եմ համարում այդ հարցը մեկընդմիշտ և հարկ է վերջապես համակերպվելու նրա հետ, որ ես խորհրդարանում չեմ լինելու: Դա անշրջելի իրողություն է գոնե իմ համար, իսկ բացի այդ` ես ինքս նման սպասում էլ չունեմ և արդեն ավելի շատ մտածում եմ այն մասին, թե ինչ պետք է անեմ:
-Ունե՞ք հստակ ծրագրեր, թե ի՞նչ եք անելու: Որևէ առաջարկ ստացել եք:
-Կան առաջարկներ, որոնք բավականին լավ առաջարկներ են և կապված են նաև երկրից բացակայելու հետ: Բայց ես այս պահին չեմ պատրաստվում Հայաստանից դուրս գալ… Նախագահական ընտրություններից հետո միգուցե մտածեմ այդ մասին, որովհետև այդ առաջարկներն այնպիսին են, որ ես կարող եմ դրանցից օգտվել հետագայում, բայց այս պահի դրությամբ կնախընտրեմ այն առաջարկները, որոնք կվերաբերվեն Հայաստանում մնալուն:
-Պարոն Սաֆարյան, իսկ ինչո՞ւ շեշտեցիք նախագահական ընտրություններից հետո, ինչ որ սպասումնե՞ր ունեք կապված դրա հետ:
-Երկրում փոփոխությունների հույս և սպասելիք ունեմ, այո:
-Նկատի ունեք նաև այն, որ Ձեր կուսակցապետը հնարավոր է առաջադրվի որպես նախագահի թեկնածու և այդ դեպքում Դուք էլ անելի՞ք կունենաք:
-Ես իհարկե սպասում եմ, որ իր կուսակցությունը նախագահական այս ընտրություններում իր թեկնածուն կունենա: Ես ունեմ իմ թեկնածուն, դա, այո, Րաֆֆի Հովհաննիսյանն է: Սակայն հասկանալի է, որ ամեն ինչ կախված է իր որոշումից…
-Բայց այս պահի դրությամբ նա կարծես հակված է առաջադրել սեփական թեկնածությունը:
-Ոչ, այդպիսի ցանկություն նա մեզ ներկայությամբ չի հայտնել, բայց իմ համար դա ցանկալի կլիներ:
Հ.Գ. Նշենք, որ թեև Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ մեր զրուցակից Ս.Սաֆարյանի, կուսակից- գործընկերների հետ չի քննարկել իր առաջադրման հարցը, բայց լրագրողներին այդ հավանականության մասին արդեն հայտնել է: Մասնավորապես, ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է , որ կառաջադրվի Հայաստանի 2013թ. նախագահական ընտրություններին, եթե մինչ այդ երիտասարդ սերունդն իր այլընտրանքային թեկնածուին չառաջադրի: