Աշոտյան. Ապարանի ֆիզմաթ դպրոցի ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ: Դպրոցի կոլեկտիվը մտահոգություն ուներ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 231-N որոշման 3-րդ կետի հետ կապված: ՀՀ կառավարության հիշյալ որոշման համաձայն` Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է և միացել ՀՀ ԿԳՆ «Ապարանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ներկայացնելով կառավարության որոշումը` նախարար Աշոտյանը նշել է, որ ֆիզմաթ դպրոցում աշխատող որևէ ուսուցիչ կրթական համակարգից դուրս չի մնալու:
«Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու, դա ես ձեզ խոստանում եմ: Բոլոր ուսուցիչներն իրենց մանկավարժական աշխատանքը կշարունակեն Ապարան քաղաքի այլ դպրոցներում»,- հավաստիացրել է Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով կառավարության որոշումը` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով աշակերտների քանակը, երկու ավագ դպրոցների գործունեությունը Ապարան քաղաքում արդյունավետ չէր ինչպես կրթության կառավարման, այնպես էլ կրթության որակի ու պայմանների ապահովման տեսանկյունից:
Նախարարը նշել է նաև, որ հաշվի առնելով Ապարան քաղաքում ֆիզիկամաթեմատիկական կրթության լավ ավանդույթները, տվյալ ավագ դպրոցում նման հոսք կձևավորվի և հատուկ դպրոցի սաներն իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցի այդ հոսքում: Նախարարը հավաստիացրել է, որ «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը կօգտագործվի կրթական նպատակներով:
Կրթության և գիտության նախարարությունից նշում են, որ Ապարան քաղաքում գործում է 2 հիմնական և 2 ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցն ունի 115, իսկ ավագ դպրոցը՝ 276 աշակերտ: Բացի այդ ավագ դպրոցի շենքային և տեխնիկական տվյալները առավել բարենպաստ են: 350 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոցն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության նոր ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ, էլեկտրոնային գրադարան, այսինքն՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար կարևոր և անհրաժեշտ պայմաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան