ՀՌԱՀ-ը այս անգամ խնայեց «Կենտրոն»-ին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները միաձայն, բացառությամբ ՀՌԱՀ նախագահ Գրգոր Ամալյանի (նա ձեռնպահ էր), որոշեց կարճել «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ հարուցած վարչական վարույթը:
Բանն այն է, որ ինչպես նիստում տեղեկացրեց (ՀՌԱՀ) Վերահսկողության վարչության պետ Հայկ Գևորգյանը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցություններին լուսաբանելիս ցուցաբերել է խտրական վերաբերմունք` այդպիսով խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթները:
Նիստում «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչն ասաց, որ իրենք փորձել են լինել անաչառ, բազմիցս դիմել են բոլոր քաղաքական ուժերին իրենց նախընտրական միջոցառումների մասին տեղեկություններ տրամադրել, բայց այդ տեղեկությունը տրվել է կամ ուշացումով, կամ չի տրամադրվել: «Չի եղել դեպք, որ հեռուստաընկերությունը չլուսաբանի որևէ միջոցառում: Հասարակական-քաղաքական հեռուստահաղորդումները ապահովում էին կուսակցությունների թեկնածուների ներկայությունը: Կան կուսակցություններ, որոնք ընդհանրապես հրաժարվել են մասնակցել հաղորդումներին», հավելեց նա:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն էլ իր հերթին ասաց, որ հեռուստաընկերությունը 1700-ից ավելի րոպե տրամադրել է միայն մեկ կուսակցության լուսաբանմանը, իսկ մյուս կուսակցություններին տրամադրել է 200 րոպեի չափով եթեր: «Ստացվում է, որ «Կենտրոն»-ի աշխատակիցները կամ գործել են ոչ պրոֆեսիոնալ, կամ չեն կարողացել վստահ տարանջատել և բալանսավորման մեթոդը ճիշտ չի ընկալվել, արդյունքում ստացվել են խիստ անաչառություններ», -հայտարարեց Ամալյանը` նկատելով, որ հեռուստաընկերության լրատվական ծառայության պատասխանատուները «լուրջ մտածելու» տեղ ունեն ու պետք է մտածեն:
«Շեղումներ կան բոլոր հեռուստաընկերություններում բայց ձեր մոտ թույլ տված շեղումները հինգ անգամ ավելի էին», -ընդգծեց ՀՌԱՀ նախագահը:
ՀՌԱՀ անդամներ Հարություն Հարությունյանն ու Կորյուն Առաքելյանը հանձնաժողովին առաջարկեցին այս անգամ մեղմ վարվել հեռուստաընկերության հետ և հաշվի առնելով նախորդ անգամ հեռուստաընկերությանը պատժելու հանգամանքը, այս անգամ վարչական վարույթը կարճել:
«Լուսաբանման անհամաչափությունը փաստված է, խախտում կա: Ուղղակի եթե հնարավորություն ունենք մեղմ մոտենանք և հնարավորության դեպքում այլ լուծում առաջարկենք»,-նկատեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում հեռուստաընկերությունը դարձյալ խախտում թույլ տալու համար տուգանվել էր 1 մլն դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում