«Հայկական կողմերը երբեք չեն խոչընդոտել եվրոպացի պաշտոնյաների մուտքն Արցախ»
«Առաջին հայացքից թվում է, որ զեկույցում բավականին գործուն առաջարկ է արվում՝ խորացնել Արցախի հետ կապերը ու նպաստել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն կան առավել խորքային ու էական գաղափարներ ու պատճառներ կարծելու, որ սրանք լոկ հայտարարություններ են»,- անդրադառնալով Եվրահանձնաժողովի ու ԵՄ Արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի գրասենյակի տարածած զեկույցին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանին ներկայացված առաջարկներում մասնավորապես նշվում էր, որ ԵՄ ներկայացուցիչներին պետք է տրվի Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անվերապահ հնարավորություն:
Նրա խոսքերով, տարօրինակ է, որ նման առաջարկ արվում է Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին, քանի որ հայկական կողմերը երբեք չեն խոչընդոտել եվրոպացի պաշտոնյաների մուտքն Արցախ:
«Շատ անգամ միջազգային հանրությունը հայտարարում է, թե՝ Արցախի հետ կապված տարբեր խնդիրներ առաջանում է նրա չճանաչված լինելու պատճառով, սակայն հայտնի է, որ նույն Եվրոպան` Հյուսիսային Կիպրոսի հարցում այլ մոտեցում է դրսևորում: Արցախում դեռ չեն մոռացել, թե ինչպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարեց, թե մեկնում է Արցախ, սակայն Գորիսի ճանապարհից հետդարձ կատարեց: Նման դեպքերը բացասական ազդեցություն են ունենում միջազգային կառույցների հեղինակությունների վրա»,- ասաց Դ. Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը ոչ միայն ամեն կերպ խոչընդոտում է արտասահմանցիների Արցախ կատարած այցերին, այլ նրանց ներառում է իր երկրի համար անցանկալի անձանց «սև ցուցակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա