Փորձագետ. Ադրբեջանն իր մոտեցումներով ու տեսակետով միայնակ է
«ՀԱՊԿ հռչակագիրը ևս ֆիքսեց, որ ԼՂ հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է և որ Ադրբեջանն իր մոտեցումներով ու տեսակետով միայնակ է: Շատ կարևոր էր, որ ՀԱՊԿ-ն իր հռչակագրով ևս ֆիքսեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մի տեսակետ, ինչը համահունչ է հայկական կողմի մոտեցումներին»,- մեկնաբանելով ՀԱՊԿ հռչակագիրը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Նշենք, որ հռչակագրում մասնավորապես նշվում է. «Կարևորելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու կարևորությունը` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների և նորմերի հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:
Փորձագետը հիշեցրեց, որ ՀԱՊԿ նախագահների հանդիպմանն ընդունված հռչակագրում առաջին անգամ ներառվել է Հայաստանի դիրքորոշումն արտացոլող պարբերություն:
Է. Հովհաննիսյանը կարևոր համարեց այն փաստը, որ ՀԱՊԿ որոշ անդամ-պետություններ ժամանակին պրոադրբեջանական հայտարարություններ էին արել, սակայն այս համատեղ հայտարարության միջոցով սրբագրումներ կատարեցին ավելի վաղ հնչեցրած իրենց մոտեցումներում:
Նրա խոսքերով, Ադրբեջանն իր ապակառուցողական պահվածքով քաղաքական շրջափակման մեջ է, նրան միայն աջակցություն է ցուցաբերում Թուրքիան:
Հարցին, թե՝ ինչով է պայմանավորված հռչակագրում հայկական մոտեցումներին համահունչ դրույթների ամրագրումը, Է. Հովհաննիսյանը նշեց. «Հայաստանը ՀԱՊԿ առանցքային անդամներից է, ով ակտիվ դերակատարություն է ունեցել կառույցի կայացման գործում»: