ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժումը Հայաստանում անվճար է` արտաքին ֆինանսական հոսքերի շնորհիվ
ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ փակ խումբ են, բայց բոլորն էլ ապրում են մեր հասարակության մեջ ու շարունակում են ունենալ հասարակական կապեր: Պարզապես խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ ապրում են երկակի կյանքով. Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք ապրում են հարազատների հետ, որոնք ՄԻԱՎ վարակով հիվանդ մարդիկ չեն, թաքցնում են իրենց հիվանդությունը, ինչպես նաև մտահոգվում, որ աշխատավայրում բուժստուգում չլինի, իր հիվանդությունը չի հայտնաբերվի ու նա ստիպված չի լինի կորցնել աշխատանքը: Եվ երկրորդ կյանքը դա այն կյանքն է, երբ մարդը կարող է շփում ունենալ ՄԻԱԿ վարակակիրների հետ: Այդ միջավայրը շատ փոքր է, հիմնականում ստեղծվում է հասարակական կազմակերպությունների կողմից, բայց գոյություն ունի: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Իրական կյանք, իրական մարդիկ» հկ նախագահ Հովհաննես Մադոյանը:
Մայիսի 20-ին աշխարհում նշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը: Հայաստանում 1988թ-ից` համաճարակի սկզբից, գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 277 դեպք: Նրանց թվում են նաև 46 կին և 5 երեխա:
Հայաստանում ՄԻԱՎ վարակի բուժումը ամբողջությամբ անվճար է, ֆինանսավորվում է արտաքին միջոցներով` «Գլոբալ ֆոնդի» միջոցներով ու դեռ երեք տարի էլ այս ֆոնդի միջոցներով իրականացվելու է քաղաքացիների անվճար բուժումը: Կառավարության հավաստմամբ, նշեց բանախոսը, եթե արտաքին ֆինանսական հոսքը կրճատվի, Հայաստանը ինքնուրույն կարող է ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ անվճար բուժումը:
Նշվեց, որ տարեկան մեկ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդուն բուժելու համար ծախսվում է 300-500 ԱՄՆ դոլար:
Գործում է անոնիմ թեժ գիծ` 61-08-20 հեռախոսահամարով: