Ծառուկյանը դեռ չգիտի` սատարելո՞ւ է նախագահին, թե ոչ
Ներքաղաքական հնարավոր զարգացումների շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հարցազրույցից հատված` ստորև.
-Պարոն Սահակյան, հիմա կոալիցիա ձրավորվելո՞ւ է, թե՞ ոչ:
-Այդ հարցը չենք քննարկել:
-Ինչո՞ւ:
-Որովհետև ցանկացած կուսակցություն, նախ` ինքը իր ռազմավարությունը պիտի ասի, պիտի խնդիրները ներկայացնի: Մենք մեր դիրքորոշումը ասել ենք: Անցած տարվանից ասել ենք, և կոալիցիոն այն հուշագիրը, որ կա, ամեն ինչ նշված է: Նախագահին սատարելը ամենակարևորագույն խնդիրներից է, հիմա մնում է քաղաքական ուժերը իրենց դիրքորոշումը ասեն:
-Այսինքն, ԲՀԿ-ն հրաժարվո՞ւմ է ասել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին:
-Դե, երևի դեռ պիտի հանդիպեն, խոսեն, քննարկեն իրենց ներսում պիտի ուղղվածություն ունենան: Մենք, որպես քաղաքական ուժ, մեր դիրքորոշումը չենք փոխել, ասում ենք` շատ լավ կլինի քաղաքական դաշտում որոշակի համաձայնություններ լինեն: Հիմա խնդիրը վերաբերում է, որ մարդիկ իրենց կուսակցության ներսում պիտի քննարկումներ անեն, հետո սկսվի համաձայնությունների փուլը, դեռ ժամանակ կա:
-Ստացվում է, որ ԲՀԿ-ն չի ուզում հայտարարել, որ Սերժ Սարգսյանին սատարելու է նախագահական ընտրություններում:
-Ես չգիտեմ` իրենք ինչ են ուզում, իրենց ներսում քննարկումները դեռևս վերջնականապես դիրքորոշումների առումով երևի չեն վերջացել: