Մայիսի 20-ը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն է. Հայաստանում ապրում է ՄԻԱՎ-ով 3500 մարդ
«Մեր երկիրը ՄԻԱՎ-ի առումով բավականին բարվոք վիճակում է, եթե համեմատենք այլ երկրների հետ: Բայց մեր խնդիրն այն է, որ Հայաստանը գտնվում է այն տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ-ի աճի տեմպերը բարձրանում են` ՌԴ-ի ու Ուկրաինայի շնորհիվ: Մինչդեռ այլ տարածաշրջաններում, մասնավորապես զարգացած երկրներում` ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում ու նույնիսկ լատինամերիկյան երկրներում, աճի տեմպերը նվազել են ու կայունացել ձեռնարկված միջոցառումների շնորհիվ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Մադոյանը:
Վերջին չորս տարիների ընթացքում տարածաշրջանում ու Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը կտրուկ ավելացման միտում է արձանագրել: Բանախոսի խոսքով, դրա մասին է վկայում հետևյալ ցուցանիշը ` միայն 2012թ-ի անցած չորս ամիսների ընթացքում հանրապետությունում արդեն գրանցվել է 71 դեպք:
Ասուլիսի հաջորդ հյուրը, գենդերային հարցերով մասնագետ Անուշ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանում 23 երեխա կա, որոնք ՄԻԱՎ վարակակիր են, որոնք ստանում են համապատասխան բուժում: Սակայն լավ ցուցանիշ է այն, որ 2007թ-ից մինչ օրս ՄԻԱՎ-ով որևէ երեխա չի ծնվել:
«ՄԻԱՎ վարակով վարակվելուց հետո մարդը որևէ արտասովոր բան կարող է չզգալ, ոչ մի ախտանիշներ կարող են չլինել և միջինից 8-10 տարի չիմանալ հիվանդության մասին: Երբ ընկնում է դիմադրողականությունը, այդ ժամանակ են ի հայտ գալիս օպորտունիստական հիվանդությունները: Վերջին տարիներին մենք շատ հիվանդներ ենք ունեցել, ցավոք ուշացած դեպքեր են արձանագրվել` համարյա իմունիտետ չեն ունեցել»,-տեղեկացրեց Ա.Հակոբյանը:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն 1988թ. մինչև 2012թ. ապրիլի 30-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 182-ը` 2011թ. ընթացքում: Սակայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմում է 3500: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվը արձանագրվել է Երևանում` 492 դեպք, երկրորդ տեղում Շիրակի մարզն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա