Ռոդ Այլընդ նահանգի խորհրդարանը կոչ է արել ԱՄՆ նախագահին ճանաչել ԼՂ անկախությունը
Ամերիկյան Ռոդ Այլընդ (Rhode Island) նահանգի խորհրդարանը մայիսի 17-ին ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու ԱՄՆ կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:
Բանաձևով նաև կոչ է արվում Արցախին շարունակել «ջանքերը ազատ ու ժողովրդավար երկրի կառուցման ուղղությամբ» և ողջունում Արցախի «կառուցողական ներգրավվածությունը միջազգային հանրություն ու ակտիվ ջանքերը տարածաշրջանային խնդիրները լուծելու հարցում»:
«Ես շնորհակալ եմ Ռոդ Այլընդի խորհրդարանին Ղարաբաղին ու նրա՝ ազատության ձգտմանն աջակցելու համար և հույս ունենք, որ համամարդկային արժեքների պաշտպանությանն ուղղված օրենսդիրների ջանքերը օրինակ կծառայեն նաև ԱՄՆ մյուս օրենսդիր մարմինների համար», -ըստ աղբյուրի, հայտարարել ԱՄՆ-ում և Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Վերջինը ներկա է գտնվել բանաձևի քվեարկությանը, և նրան նահանգի խորհրդարանի խոսնակ Գորդոն Ֆոքսը «շատ ջերմորեն» է ընդունել: