ՀՌԱՀ-ի գործողություններում Ամալյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը համաձայն չէ այն տեսակետին, որ ՀՌԱՀ որոշումները քաղաքական եթատեքստ ունեն և դրանով հանձնաժողովը կատարում է իշխանությունների կամքը:
Հիշեցնենք` «Կենտրոն» հեռուստաընկերությունը նախորդ շաբաթ ՀՌԱՀ-ի որոշմամբ 1 մլն դրամի չափով տուգանվեց ընտրությունների օրը, մայիսի 6-ին ուղիղ եթերով քարոզչություն թույլ տալու համար: Դրանից հետո տեսակետ շրջանառվեց, որ այդպիսով փորձ է արվում ըստ էության «Բարգավաճ Հայաստան»-ին պատկանող Կենտրոն հեռուստաընկերության վրա քաղաքական ճնշում գործադրել:
«Բնականաբար, որևէ երևույթ պետք է նաև ունենար նման տեսակետ: Արդյոք կա՞ որևէ կարծիք կամ կասկած, որ իրավախախտումները և դրա հիման վրա հանձնաժողովի կողմից իրականացվող տույժերը օբյեկտիվորեն առկա չէին: Նախորդ անգամ քարոզչություն էր իրականացվել ընտրությունների օրը, եթե կլինի մեկը, որ կասի, որ այդ դեպքում մոտեցումը քաղաքական էր, ես կմտածեմ, որ նրա տրամաբանությունը չի աշխատում», -այսօր ՀՌԱՀ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարեց Գրիգոր Ամալյանը:
Այսօրվա նիստում, ի դեպ, նույն խախտումը կատարած երկու` «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները չտուգանվեցին և նրանց նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճվեց: ՀՌԱՀ վերահսկողության վարչության կատարած մոնիտորինգի արդյունքում պարզվել էր, որ երկու հեռուստաընկերություններն էլ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցություններին լուսաբանելիս ցուցաբերել էին խտրական վերաբերմունք` այդպիսով խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթները:
Գրիգոր Ամալյանի խոսքով, այս պարագայում կար օրենսդրական պահանջ`հավասարաչափ ապահովել լուսաբանում, բայց այն չի պահպանվել:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հենց լռության օրը լուսաբանվել է վարչապետի և նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը, Ամալյանը պատասխանեց. «Կա պետություն, կա հասարակություն, կան պաշտոնատար անձինք, ովքեր իրականացնում են իրենց գործունեությունը: Օրենսդրությունը հաշվի է առել սա, և դա ոչ միայն Հայաստանում է, այլ նաև մյուս երկրներում: Բոլոր այն դեպքերում, երբ լուսաբանումը եղել է ոչ պաշտոնական պարտականությունների շրջանակում, ներկայացնելու կոնտեքստում, մենք, բնականաբար դասակարգել ենք քարոզչության եթերաժամանակում, որպես քարոզչություն»:
ՀՌԱՀ-ը այս անգամ խնայեց «Կենտրոն»-ին
«Երկիր մեդիան» չտուգանվեց
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում