Բագրատյանի երկրորդ մուտքը իշխանություն
Անդրադառնալով ՀԱԿ-ի համամասնական ցուցակով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերադարձին քաղաքականություն` «Голос Армении»-ն նշում է, որ երկրի հասարակական մեխանիզմի գործունեության մեջ անկասկած ինչ-որ խաթարում կա, եթե ընդամենը երեք տարվա վարչապետության ընթացքում երկրի տնտեսությունը հիմնահատակ քանդած Հրանտ Բագրատյանը հնարավորություն ունի ներթափանցելու իշխանական կառույց:
Թերթը հիշեցնում է, որ 1993թ-ին, հասնելով վարչապետի աթոռին, Բագրատյանը հիմնահատակ քանդեց պետական կառույցների բանկային, ագրարային և հարկային ինստիտուտները: Հենց Բագրատյանի օրոք էր, որ ՀՀՇ-ի էլիտան հնարավորություն ստացավ չնչին գումարներով սեփականաշնորհել գործարաններ, հողային ահռելի տարածքներ, արդյունաբերական միավորներ, ինչպես նաև` Բագրատյանի օրոք ներդրվեց ինքնակառավարվող շուկայական հարաբերությունների գաղափարը, որն էլ հանգեցրեց երկրում տնտեսության հիմնահատակ քայքայման: Ինչպես նշում է թերթը` ոչ մի հետխորհրդային պետություն չապրեց այն տնտեսական ցնցումներն ու ճգնաժամը, որի առջև ստիպված եղավ կանգնել հայ հասարակությունը շնորհիվ Բագրատյանի: «ГА»-ն հիշեցնում է, որ Հայաստանից համատարած արտագաղթի ալիքը սկսվեց հենց Բագրատյանի վարչապետության օրոք: