ՀՀԿ-ն մտածելու ժամանակ է տվել կուսակցություններին
Տեղեկացնելով, որ մայիսի 17-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը չի անդրադարձել կոալիցիայի ձևավորման խնդիրներին` «Голос Армении»-ն նշում է, որ ՀՀԿ-ն իր այդ քայլով, ամենայն հավանականությամբ, հավելյալ ժամանակ է տալիս ԲՀԿ-ին` մտածելու և վերջնական կողմնորոշվելու, թե ինչ քաղաքական ճանապարհ է ցանկանում ընտրել այդ կուսակցությունը:
Ինչպես նշում է թերթը` ԲՀԿ-ում կարծիքները կիսվել են. կուսակցության մի հատվածը ցանկանում է կրկին մտնել կոալիցիոն իշխանություն և ստանալ ադմինիստրատիվ ռեսուրս, իսկ մյուսները, Օսկանյանի հուզումնալից ելույթներով տարված, ցանկանում են մնալ ընդդիմադիր դաշտում և նախագահական ընտրություններին ներկայացնել իրենց թեկնածուին:
Այս կապակցությամբ թերթը գրում է, որ ԲՀԿ-ն պետք է հաշվի առնի, որ նախագահական ընտրություններին առանց ադմինիստրատիվ ռեսուրսների իրենք չեն կարողանա հավաքել այնքան ձայն, որքան նրանց հաջողվեց ստանալ խորհրդարանական ընտրություններին` վարչական ռեսուրսի կիրառմամբ: Այս ամենի հետ մեկտեղ թերթը նշում է, որ եթե ԲՀԿ-ն կրկին ցանկանա կոալիցիայի անդամ դառնալ, ապա այս անգամ նա պետք է հստակ հասկանա, որ պարտավոր է կիսել նաև քաղաքական պատասխանատվությունը. թերթը հիշեցնում է, որ 5 տարի շարունակ նախարարական պորտֆելներ ունեցող և պետական բյուջեի մի մասը տնօրինող ԲՀԿ-ն քարոզարշավի ընթացքում կտրականապես հրաժարվեց պատասխանատվություն կրել իր տնօրինած վարչարարական ռեսուրսի անհաջողությունների համար: