Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ը՝ ԼՂՀ ՊԲ հաստիքացուցակում
Վերջերս ադրբեջանական լրատվական կայքերից մեկում տեղադրվեց մի ուշագրավ հրապարակում. «Ադրբեջանի նախագահը խոստացել է իր հոբելյանը նշել Ղարաբաղում»: Սեփական ընթերցողներին նման վերնագրով զարմացնել փորձող կայքի պատասխանատուները հավանաբար այնքան էլ լավ չեն ծանոթ Ադրբեջանի նորագույն պատմությանը, այլապես տեղյակ կլինեին, որ Ալիև-կրտսերը իր հպատակներին ՀՀ կամ Արցախի որևէ հռչակավոր տեսարժան վայրի հետ կապված խոստումներ շռայլող ու դրանք իրականացնելու կոնկրետ ժամկետներ նշող Ադրբեջանի առաջին ղեկավարը չէ: Այս առումով թերևս իր նախորդներից ու առայժմ միակ հաջորդից առավել հեռատես ու իմաստուն էր այդ երկի ներկայիս նախագահի հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը:
Իր՝ մեծ քաղաքականության բացահայտորեն վերադառնալուց հետո արցախյան ռազմաճակատում ադրբեջանական բանակի ունեցած մի շարք աղմկալի անհաջողությունները ԽՍՀՄ ՊԱԿ պաշտոնաթող գեներալին համոզեցին, որ նախկին ինքնավարության դեմ ուժի կիրառման բոլոր փորձերը աղետալի հետևանքներ են ունենում միմիայն Ադրբեջանի համար: 1994թ. համաձայնվելով պատերազմի արդյունքում ձևավորված իրողություններն արձանագրող հրադադարի կնքմանը Հեյդար Ալիևը ձեռնամուխ եղավ սեփական քաղաքական հակառակորդների ու հնարավոր ախոյանների չեզոքացմանը, ամրապնդեց իր ընտանիքի միահեծան իշխանությունն ու տնտեսական հնարավորությունները և ապահովելով իշխանության ժառանգորդությունը՝ վախճանվեց սեփական անկողնում՝ գտնվելով փառքի և իշխանության գագաթնակետին:
Նրա նախորդներին ակնհայտորեն պակասում էր ադրբեջանական քաղաքականության «ծեր աղվեսի» հեռատեսությունը: Ղարաբաղի հարցը արագորեն լուծել խոստացող Այազ Մութալիբովը ռազմաճակատային անհաջողությունների ու ներքաղաքական խարդավանքների հետևանքով հարկադրված էր քաղաքական վտարանդու կարգավիճակում ճողոպրել Մոսկվա, իսկ իր ոչ այն է ոտքերը, ոչ այն է երեսը Սևանի ջրերում լվանալ խոստացող Աբուլֆազ Էլչիբեյը իր կյանքի մայրամուտը ստիպված եղավ դիմավորել Նախիջևանում՝ հայրական գյուղում՝ դատապարտված միայնության և մոռացության:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների հեղինակավոր ինստիտուտի շրջանավարտ ու նախկին դասախոս Իլհամ Ալիևը կարծես թե մոռացել է, որ պատմությունն ունի կրկնվելու հատկություն, առավել ևս՝ Ստեփանակերտում մայիսի 9-ին տեղի ունեցած զորահանդեսն ապացուցեց՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի ունի բոլոր հնարավորությունները հարկն եղած դեպքում Ադրբեջանի նախագահին իր նախորդների տխուր ճակատագրին արժանանալու համար:
Զորահանդեսի՝ հակառակորդի վրա ունեցած ազդեցության լավագույն վկայությունը ադրբեջանական լրատվամիջոցների տարօրինակ լռութունն էր, չէ որ Վերածննդի հրապարակի մի քանի ժամը բավական էին ողջ աշխարհին մի շարք կարևոր ուղերձներ հղելու համար:
Նախ՝ Ստեփանակերտի զորահանդեսը հերթական անգամ ապացուցեց, որ ԼՂՀ պաշտպանունակության անկյունաքարը բանակի և ժողովրդի անխախտ միասնությունն է:
Երկրորդ՝ կարևորագույն ուղերձն այն էր, որ չնայած դեռևս չճանաչված լինելու և Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվող տնտեսական շրջափակմանը Արցախի Հանրապետության Զինված Ուժեր հաջողությամբ կատարելագործում, թարմացնում ու արդիականացնում են սպառազինության և ռազմական տեխնիկայի կազմը: Հակառակորդի պաշտպանության խորքը խոցելու ընդունակ հզոր հրթիռա-հրետանային տեխնիկայի, հետախուզության ու մարտի ղեկավարման ժամանակակից համակարգերի մասնակցությունը զորահանդեսին արձանագրեց, որ Պաշտպանության բանակը զարգանում է հաշվի առնելով տարածաշրջանի իրողությունները և ռազմական գիտության նորագույն զարգացումները:
Երրորդ կարևոր փաստը ՊԲ անձնակազմի բարձր մարտական պարտրաստությունն է, որը նկատելի էր զորահանդեսին հետևող ցանկացած մասնագետի համար:
Եվ չորրորդ՝ Ստեփանակերտի զորահանդեսը ցույց տվեց, որ արցախյան զինվորը պահպանում է հակառակորդի նկատմամբ հոգևոր գերազանցության այն զգացումը, որը ձևավորվում է սեփական գործի արդարության գիտակցումից, մարտական վարպետության և ոգու առավելության վերաբերյալ համոզվածությունից: Այլ կերպ ասած՝ 1988-ից ի վեր էությունը չի փոխվել:
Մայիսի 9-ին Վերածննդի հրապարակով անցած տեխնիկայի շարքում կարշ «Նվեր» անունը կրող անօդաչու թռչող շարք: Սա նույն այն ադրբեջանական անօդաչուն է, որն անցյալ տարի խփվել է ԼՂՀ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից: Հայրենական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում վերանորոգվելուց հետո այն համալրել է ՊԲ տեխնիկայի հաստիքացուցակը: Այո, ոչինչ էլ չի փոխվել, եթե 90-ական թվականներին նոր կազմավորվող ադրբեջանական բանակը ՊԲ-ին ռազմավարի տեսքով պարբերաբար մատակարարում էր տանկեր ու այլ սպառազինություն, հիմա նավթադոլարներով վերազինված ադրբեջանական բանակից հայ զինվորը խլում է անօդաչու թռչող սարքեր՝ հայտնաբերման ու խոցման առումով թերևս ամենից դժվար սպառազինության տեսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները