Ս. Զոլյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն հետ կվերցնի, եթե պատժվեն մեղավորները
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով շարունակում է բուհում աշխատել որպես պրոֆեսոր, նախօրեին դիմում է գրել աշխատանքից ազատման մասին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու խիստ նկատողությունից հետո Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքային պայմանագիրը ապրիլի 17-ին լուծված է համարել:
Ս. Զոլյանի խոսքով, նախկինում համատեղում էր ռեկտորի ու դասախոսի աշխատանքները, ու երբ ապրիլի 17-ին ԿԳ նախարարի հրամանով ազատվեց ռեկտորի պաշտոնից, պետք է տեղափոխվեր պրոֆեսորի կես դրույքով աշխատանքի` պայմանագրային հիմունքներով, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել:
«Ապրիլի 18-ից այդ պարտականությունը կատարել եմ, բայց մինչև օրս ձևակերպված չեմ, ինչը աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթների խախտում է, ու փոխանակ ձևակերպեին, փորձել են պատժել այդ մասին բարձրաձայնող ուսումնական գծով պրոռեկտոր տիկին Ավետիսյանին: Ի նշան բողոքի, ես ազատման դիմում եմ գրել, սակայն հետ կվերցնեմ իմ դիմումը ու կվերադառնամ դասախոսական աշխատանքին, քանի որ չեմ ուզում, որ ուսանողները տուժեն, եթե մեղավորները պատժվեն, կապ չունի, թե այդ մարդը ում հետ նույն դասարանում է սովորել»,- ասաց նախկին ռեկտորը` ընդգծելով, որ պետք է վերջ դրվի կամայականություններին. «Հասկանում եմ, որ մարդիկ կամակատարաներ են, կատարում են ինչ-ինչ հրահանգներ»:
Ս. Զոլյանն ասաց, որ սպասում է երկուշաբթի օրվան. բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը կամ պետք է ստորագրի ազատման դիմումը, կամ ընդունի Ս. Զոլյանի պայմանները` այսինքն պատժի մեղավորներին, հակառակ պարագայում «ես կհայտարարեմ, թե ով է այդ մարդը և ում հետ է նույն դասարանում սովորել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա