ԿԳ նախարարությունը դեռ չի պարզել, թե որ դպրոցում է տեղի ունեցել դպրոցահասակ աղջիկների ծեծկռտուքը
«400 հազար աշակերտների մեջ այդ մեկ կամ երկու դեպքերը կարող են լինել, իհարկե խիստ քննադատում եմ, բայց գտնում եմ, որ դա մեր բոլորի գործն է և ճիշտ չէ միայն դպրոցի տնօրինությանը, դասղեկին մեղադրել»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրերս համացանցում հայտնված այն տեսանյութերին, որտեղ դպրոցահասակ աղջիկները ծեծում էին իրար և փողոցային հայհոյանքներ ասում:
Ն.Հովհաննիսյանի խոսքերով՝ երեխաների դաստիարակության հարցում մեծ է ծնողների դերը, բնականաբար այս հարցում անելիքներ ունեն նաև դպրոցի մանկավարժները: «Չգիտեմ որտեղից երեխաների մեջ այդքան ագրեսիան: Սրա դեմ տնօրենները չեն կարող միայնակ պայքարել: Դպրոց–ծնող կապը պետք է ամրապնդվի, բայց այս գործում մեծ դեր ունի հաև հասարակությունը: Բայց նորից եմ ասում, համոզված եմ, որ այս դեպքը բացառիկ է և պետք է շատ արագ այդ հարցին լուծում տրվի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք դեռ չգիտեն, թե որ դպրոցում է դեպքը տեղի ունեցել՝ ասելով, որ դեռ պետք է պարզեն: Նա նաև նշեց, որ ոստիկանությունն արդեն համապատասխան աշխատանքներ է տանում՝ պարզելու, թե որ դպրոցում է նշված դեպքը պատահել:
Ինչ վերաբերում է դպրոցներում տեղի ունեցող վիճաբանություններին, Ն.Հովհաննիսյանն ասաց, որ նման դեպքում աշխատանք են իրականացնում դպրոցում, զրուցում են տնօրենի, ուսուցիչների, ծնողների ու աշակերտների հետ: «Մենք միշտ հանդուրժողականության կոչ ենք անում: Եվ իհարկե այն իր արդյունքը տալիս է»,-ասաց նա:
Ըստ նրա՝ դպրոցներում, հատկապես ավագ դպրոցներում պետք է լինեն հոգեբան-մանկավարժ ոստիկաններ: Ն.Հովհաննիսյանը նշեց, որ 11 ավագ դպրոցներում իրականացրել են «Ոստիկանը դպրոցում» ծրագիրը, ինչն իր դրական արդյունքը տվել է: «Ոստիկանները պարբերաբար աշխատանք էին տանում աշակերտների հետ: Դրանից հետո աշակերտներին հանձնարարվեց շարադրություն գրել և պետք է միայն տեսնեիք նրանց հիանալի տպավորությունները մեր ոստիկաններից: Մենք ինքներս էլ չէինք պատկերացնում, որ կան նման մանկավարժական հմտություններ ունեցող ոստիկաններ»,- ասաց նա:
Ն.Հովհաննիսյանը խոսելով հեռուսատեթերի մասին, նշեց, որ ԿԳ նախարարությունը պայքարում է այն հեռուստասերիալների դեմ, որոնցում ագրեսիա է քարոզվում: Այդուհանդերձ, ըստ նրա, միաժամանակ դրանց բոլորի դեմ անհնար է պայքարել, քանի որ ցուցադրվում են ոչ միայն հայկական սերիալներ, այլև ագրեսիա քարոզող արտասահմանյան սերիալներ ու ֆիլմեր: «Սակայն չի նշանակում, որ եթե երեխան սերիալ է նայում, ուրեմն պետք է կրկնի այդ ագրեսիան: Կարող ես դա դիտել և չընդօրինակել, այսինքն՝ պետք է երեխաներին տալ այնպիսի դաստիարակություն, որ նրանք իրենց տեսածը չկրկնեն»,- ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ԿԳՆ ինչու չի նախաձեռնում գիտակրթական հաղորդումներ, Ն.Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նման ծրագրեր իրականացվում են: Նա որպես օրինակ բերեց «Հայ ասպետ» հեռուստախաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան