«Եթե ոչ պետական բուհերը մնան առանց դիմորդների, ապա քաղաքական իմաստով մեր երկրի համար դա ձեռնատու չի լինի»
Կրթական համակարգում տեղի են ունեցել բազմաթիվ բարեփոխումներ, սակայն բովանդակային առումով դրանք դեռևս այնքան էլ բարեհաջող չեն ընթանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրասիա» համալսարանի ռեկտոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նրա խոսքերով` առաջիկա 3 տարում Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը, դա նշանակում է, որ հանրապետության բոլոր բուհերը պետք է ապահովված լինեն որակական չափանիշներով:
Անդրադառնալով պետական և ոչ պետական բուհերի համար ստեղծված հավասար պայմաններով մրցակցային դաշտին, որը հնարավորություն է տալիս հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների և ուսանողների համար, Ս.Օհանյանը նշեց, որ այս հարցում կառավարությունը շտապողականություն ցուցաբերեց: Նշենք, որ այս տարվանից սկսած դիմորդին հնարավորություն կտրվի հավասար պայմաններով մասնակցել պետական և ոչ պետական բուհերի հավատարմագրված կրթական ծրագրերի ընդունելության մրցույթին: Դա նշանակում է, որ միասնական քննության արդյունքները անցողիկ կլինեն նաև ոչ պետական բուհերում:
«Մենք պահանջում էինք, որ գոնե չորս-հինգ տարի հավասար դաշտում աշխատեինք, հետո նոր միացյալ կրթական համակարգի անցնեինք»,- ասաց Ս.Օհանյանը: Ըստ նրա` համակարգին անցնելուց հետո այս տարի ոչ պետական բուհերում ավելի քիչ դիմորդներ կլինեն, սակայն նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի դիմորդների թիվը կավելանա:
Նա նշեց նաև, որ ՀՀ-ում այսօր կան 8-12 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք կարող են մրցակցություն ապահովել: Ըստ Ս.Օհանյանի`«Եվրասիա» համալսարան այսօր պահին դիմել է 11 դիմորդ, սակայն ռեկտորը ակնկալում է, որ երկրորդ փուլում դիմորդների թիվը կավելանան: «Եթե ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները մնան առանց դիմորդների, ապա քաղաքական իմաստով մեր երկրի համար դա այնքան էլ ձեռնատու չի լինի: Կարծում եմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ոչ պետական ուսումնական հաստատությունները դիմորդներ ունենան»,- ասաց Ս.Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան