Նոր Նորքի պաշտոնաթող ղեկավարն ասում է, որ իրեն ՀՀԿ-ի ստացած քիչ ձայների համար չեն ճնշել
«Իմ դիմումի համաձայն, դուրս եմ եկել աշխատանքից, այդ քայլը ոչ մի բանով պայմանավորված չէ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը` պատասխանելով մեր հարցին, թե ինչով է պայմանավորված վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից նրա ազատվելը:
Նոր Նորք վարչական շրջանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ստացել է ավելի քիչ ձայներ, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, ԲՀԿ-ն ստացել էր 13. 217 քվե, իսկ Հանրապետական կուսակցությունը` 11.653:
Պարոն Գասպարյանից փորձեցինք հասկանալ, արդյոք ընտրություններում ստացած քիչ ձայների համար են իրեն ճնշել և պարտադրել ազատման դիմում գրել, Գասպարյանը պատասխանեց կարճ. «Իհարկե ոչ»:
Հարցին, թե ինչո՞ւ է իր ղեկավարած վարչական շրջանում Հանրապետական կուսակցությունը քիչ ձայներ ստացել խորհրդարանական ընտրություններում, նա պատասխանեց, որ նախորդ ընտրությունների համեմատ, այս ընտրություններում ընտրողների թիվը մեծ է եղել: «Նախկին ընտրություններում 42 հազար ընտրող է եղել, հիմա 57 հազար իննսուն: Դա էլ առավելություն եղավ, որ Բարգավաճը շատ ձայն տարավ», -ասաց նա, դարձյալ ընդգծելով, որ իր հարազատ կուսակցությունը չի պարտադրել ազատման դիմում գրել:
Հետաքրքրվեցինք, թե պաշտոնը թողելուց հետո ինչո՞վ է զբաղվելու, պատասխանեց, որ դեռ չի որոշել: Մյուս հարցին, թե մնալո՞ւ է Հանրապետական կուսակցության շարքերում, պաշտոնաթող Գասպարյանը պատասխանեց. «Իհարկե, իհարկե»:
Մելիք Գասպարյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2009-ի սեպտեմբերի 18 -ին: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: 2009 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է և ղեկավարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Նոր Նորք տարածքային կազմակերպությունը:
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա