Մանկատան շրջանավարտ. «էլի թող վաստակեն մեր հաշվին.. բայց մի քիչ էլ մեր մասին մտածեն»
««Զատիկ» մանկատան շրջանավարտ եմ, պետության կողմից տրամադրված բնակարանը ստացել եմ, բայց պայմանները վատ են. մասնավորապես մուտքի դուռը եղել է սովորական սենյակի դուռ, պատուհանները ևս հին են եղել: Այնինչ շենքի բնակիչներից շատերը ասում են. «Գիտես, մենք ենք քո տան վրա գործ արել, երբ տեսանք մեզ գումար չեն վճարում, վերցրել ենք քեզ հասանելիք եվրո պատուհանը»: Ես սուղ միջոցներս խնայելով կարողացել եմ փոխել դուռն ու պատուհանը` սակայն դրանով իմ խնդիրները չեն լուծվում` չունեմ ջեռուցում, էլեկտրական վառարաններ օգտագործելու դեպքում հոսանքի գումար չեմ կարող վճարել: Վատ վիճակում են նաև ջրի խողովակները, հատակս փտում է, խոհանոցում ջուր է լցվում վերևի հարկից…»:
Այս նամակը գրել է մանկատան շրջանավարտ 29-ամյա Ալեքսանդրա Կոնինյանը, ով բնակվում է Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 45 շենքում: Իսկ նամակը Ալեքսանդրան հասցեագրել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, ով շարունակում է նամակներ ստանալ անկախ այն հանգամանքից, որ մի քանի օրից այլևս ԱԺ պատգամավորի մանդատ չի ունենալու:
Panorama.am-ի հետ զրույցում Ալեքսանդրան ներկայացրեց իր տան պայմանները: Պարզվեց, որ պետությունից ստացած բնակարանը կառուցվել է նախկին դեղատան տեղում, դեղատունը բաժանվել է մի քանի հատվածների, որպեսզի ամեն մի հատվածը մանկատան մի շրջանավարտի տուն ծառայի, բայց իրականում, Ալեքսանդրայի որակմամբ, հավաբնին ավելի հարիր է.
«Երբ ստացա, նորմալ դուռ-պատուհան չունեի, ձմռանը ձյունը լցվում էր սենյակ, հատակը քիչ էր փտած` դրանից հետո ավելի սարսափելի վիճակ եղավ: Վերանորոգման խնդիր ունեմ, որովհետև սենյակի ու լոգարանի պատը նույն պատն է, փտած է… բայց այս վատ պայմանների պարագայում էլ, ինչպես և նամակում էի գրել, ես չեմ բողոքում` հասկանալով, որ կան մանկատան շատ շրջանավարտներ, ում պայմաններն ավելի վատ են: Պարզապես իմ խնդրանքն այն է, որ մի քիչ ավելի հետևողական վերաբերվեն մանկատան շրջանավարտների համար կառուցվող բնակարաններին, ավելի սրտացավ լինեն… ես հասկանում եմ, որ այդ ծրագիրը շատերի համար էր գումար վաստակելու լավ առիթ, էլի թող վաստակեն մեր հաշվին: Բայց մի քիչ էլ մեր մասին մտածեն»,-Panorama.am-ին սրտնեղած պատմեց Ալեքսանդրան:
Սակայն նրա նամակ գրելու հիմնական դրդապատճառը ոչ թե իր բնակարանաին վատ պայմաններն էին, այլ քրոջ ընտանիքում ավելի բարդ ձևավորված իրավիճակը:
Մեջբերում նամակից.
«Քույրս` Աշխեն Կոնինյանը, նույնպես «Զատիկ» մանկատան շրջանավարտ է. նրան մինչ օրս բնակարան չեն տրամադրել: Աշխենն ունի զույգ բալիկներ և ամուսնու ընտանիքի հետ ապրում է վարձով` անմխիթար պայմաններում: Աշխենենց սոցիալական պայմանները թույլ չեն տվել անգամ բալիկներին օրորոց գնել: Խնդրում եմ բնակարան հատկացնելու կարգում որոշակի հերթականություն սահմանվի և նախ տրամադրվի նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն»:
Ալեքսանդրան մեզ պատմեց, որ քույրը 20 տարեկան է, հերթագրված է բնակարան ստանալու համար, վարձով ապրում է Ջրվեժում: Բոլոր հարցումներին, թե ե՞րբ Աշխենը կստանա իրեն հասանելիք բնակարանը ստացվում են ոչինչ չասող պատասխաններ.
«Հանդիպել ենք թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, թե փոխնախարարի հետ, դեռևս մինչ ամանոր: Այն ժամանակ մեզ ասացին, որ հերթը կհասնի մինչև տոները, հետո ասացին` թող տոներն անցնի: Մյուս անգամ ժամկետը նշվեց գարունը, իսկ դրանից հետո էլ, հեսա արդեն ամառ է, առհասարակ ոչ մի պատասխան չունենք»,- արձագանքելով մեր հարցին պատմեց Ալեքսանդրան:
Նշեց, որ որոշ ժամանակ առաջ ՀՕՄ-ից են զանգահարել (Հայ օգնության միություն) ու տեղեկացրել, թե կան շրջանավարտներ, որոնք իրենց բնակարաններում չեն բնակվում և այժմ այդ գործերը դատարանում են և որ պետք է սպասեն` մինչև այդ բնակարանները կազատվեն.
«Անգամ ինձ հորդորեցին, որ ես հարևաններից ցուցմունքներ հավաքեմ, թե մեր շենքում բնակարան ստացած Քրիստինեն իր տանը մի օր անգամ չի բնակվել, տվել է չգիտեմ ում, որպեսզի այդ բնակարանի հետ վերցնելու առիթ լինի… Բայց ինչո՞ւ ես պետք էզբաղվեմ այդ գործով, բա իրենց ֆունկցիան ո՞րն է: Ինչո՞ւ ես քաշքշուկի մեջ ընկնեմ»,- պատմեց նա:
Ավելացրեց, որ իր բարձրաձայնելու խնդիրը ոչ միայն հարազատ քրոջ համար ապրած ցավն է, այլև բոլոր այն շրջանավարտների համար, որոնք գրեթե փողոցում են, իսկ եթե փողոցում էլ չեն, ապա սարսափելի պայմաններում եմ ապրում.
«Մանկատան շրջանավարտները խոցելի խավ են համարվում, սակայն պետությունն այսպես ավելի է խոցելի դարձնում այս խավը, չէ՞ որ նույն մանկատան շրջանավարտը, ով ունի բալիկներ ու չունի նրանց պահելու հնարավորություն կարող է մի օր իր երեխաներին հանձնել մանկատան խնամքին»:
Սա նամակագրի բառերն են, բայց չհամաձայնվել դրա հետ չեմ կարող: