Գյուլի հանդիպումը Մերկելի և Օլանդի հետ
ԱՄՆ-ում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ըստ «CnnTurk» լրատվականի` կանցլերը Գյուլին շատ ուղիղ և շեշտակի հարցում է արել. «Երբ հույները ստանձնեն Եվրամիության (ԵՄ) նախագահությունը, Անկարան ամբողջապես դադարեցնելո°ւ է հարաբերությունները ԵՄ-ի հետ, թե` ոչ»:
Թուրքիայի նախագահն ի պատասխան ասել է, որ այդ ժամանակ Անկարան կդադարեցնի շփումները միայն ԵՄ նախագահության հետ, իսկ հանձնաժողովների և ԵՄ-ի այլ կառույցների հետ կշարունակի հարաբերվել:
Նշվում է նաև, որ Գյուլը հանդիպել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Կողմերը հիմնականում խոսել են տնտեսական բնույթի խնդիրներից: Զրույցի օրակարգում չի եղել Հայոց ցեղասպանության թեման: Երկուստեք ցանկություն են հայտնել ֆրանս-թուրքական հարաբերությունները նախկինից ավելի բարձր և զարգացման մակարդակի հասցնել:
«Մենք ցանկանում ենք երկու երկրների հարաբերություններում նոր սպիտակ էջ բացել և ամեն ինչ սկսել նորից»,- ասել է Աբդուլլահ Գյուլը:
«Ես բնավ մտադրություն չունեմ Թուրքիան ռեսուրս դարձնել Ֆրանսիայի ներքին քաղաքականության համար»,- ասել է Ֆրանսուա Օլանդը: