Արթուր Քիրաջյանը հաղթեց Մինսկում
Մինսկում անցկացվեց բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար: 11 երկրների ներկայացուցիչների թվում էին նաև Հայաստանի 5 մարզիկներ: Հայտավորվածների կազմը բավական ներկայացուցչական էր` Լոնդոնի խաղերի 16 մասնակից և աշխարհի 4 չեմպիոն: Միանգամից ասենք, որ նրանցից միայն երկուսը` Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնության չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի մրցանակակիր Սերգեյ Վոդոպիանովը (56 կգ, Ռուսաստան) և Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող Դամիեն Հուպերը (81 կգ, Ավստրալիա) դարձան մրցաշարի հաղթող: Ի դեպ, լոնդոնյան օլիմպիական խաղերում լիարժեք կազմով ռինգ կելնեն միայն ավստրալացիները. նրանք մասնակից ունեն բոլոր 10 քաշային կարգում:
Հայաստանի պատվիրակներից հաջող հանդես եկավ երևանցի Արթուր Քիրաջյանը (64 կգ): Նա երեք հաղթանակ տանելուց հետո մտավ եզրափակիչ, որտեղ մրցակցեց բռնցքամարտի ղազախական դպրոցի ներկայացուցիչ փորձառու Սաբիթ Տուլեպբելգենովի հետ: Արթուրը կրկին վստահ և համարձակ գործեց, 5 միավորի առավելությամբ հաղթեց մրցակցին, գրավեց առաջին տեղը և արժանացավ հաղթողի կոչմանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ավելացնենք, որ մեր մյուս պատվիրակները ձեռնունայն են տուն վերադարձել: