«Աբսուրդի գագաթնակետն էր՝ հայտարարել, թե տեղի ունեցածը «գեյ-շքերթ» է». «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Մշակութային բազմազանություն» խորագրով երեկվա երթը ապատեղեկատվության պատճառով վերածվեց իսկական քաոսի: «Աբսուրդի գագաթնակետն էր՝ հայտարարել, թե տեղի ունեցածը «գեյ-շքերթ» է: Չգիտեմ, թե ով է դրա հետևում կանգնած, ում էր պետք այդ ապատեղեկատվությունը: Սա վտանգավոր միտում է, որը որակում եմ չափազանց մտահոգիչ»,- ասաց Գ.Շահնազարյանը:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Հովհաննես Մադոյանն էլ նշեց, որ ինչ-ինչ մարդկանց ձեռնտու էր երթին ուրիշ գնահատական տալ և խոչընդոտել միջոցառմանը: «Ես եկել եմ կոչ անելու մարդկանց պայքարել ոչ թե մի բանի դեմ, այլ կողմ»,- ասաց նա:
Գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանի խոսքերով՝ երեկ տեղի ունեցած «Մշակութային բազմազանության» երթը տապալելը հստակ դավադրություն էր: «Ես հստակ տեսնում եմ, որ որոշ մարդիկ խաղ են կազմակերպում, և եթե այդ խաղը հաջողվի, Հայաստանը դրանից կտուժի»,- ասաց նա: Նրա խոսքերով՝ երեկ այնպիսի տպավորություն էր, որ երթի մասնակիցների թիվն ավելի քիչ էր, քան երթի հակառակորդների: «Իրականում հակաերթի հիմնական նպատակը պրովոկացիան էր և արյունահեղությունը, որը տեղի չունեցավ»,- նշեց Մ.Պետրոսյանը: Միաժամանակ, նա նկատեց, որ սեռական կողմնորոշման բազմազանությունը մշակութային բազմազանության դրսևորումներից մեկն է:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն էլ հավելեց, որ Հայաստանում հանդուրժողականություն չկա, և դա հասկացողների թիվը շատ քիչ է:
«Երեկ տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած առաջին քայլերից էր, որը շարունակություն կունենա և Հայաստանին կհասցնի անդունդի եզրին: Մեզ սպասում են ավելի լուրջ պրոբլեմներ: Դեռ չեմ կարող ասել, թե ինչ պետք է անել, բայց պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, պետք է ճակատ կազմել, որպեսզի դրա դեմն առնենք: Ասեմ Ձեզ՝ մենք քիչ ենք լինելու այդ ճակատում»,- ասաց նա:
Ըստ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանի՝ սպասում էր, որ այս տոնը կնշեր ոչ միայն Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, այլև ՀՀ կառավարությունը: «Ցավում եմ, որ այսպիսի միջադեպ եղավ: Գուցե իրազեկությունը բարձր չէր, գուցե կառավարությունը, ՄԱԿ-ն ու ԶԼՄ-ներն էին մեղավոր»,- ասաց նա:
Հարցին, թե բանախոսները նշվում են ինչ որ կազմակերպիչների մասին, որոնք խոչընդոտել են երթը, ապա բանախոսները ում նկատի ունեն, Մ.Պետրոսյանը նշեց. «Ես կարող եմ մեկի անունը 100%-ով նշել, ով նաև կատակով չի էլ ժխտում: Ամբողջ օպերացիան կոորդինացնում էր Տիգրան Քոչարյանը, ով վերջում ինչ որ մեկին զեկուցեց և իր արածից գոհ տուն գնաց»:
Իսկ այն հարցին, թե երեկվա երթի մասնակիցների դեմ ընդվզում էր մշակութային բազմազանության, թե սեռային բազմազանության դեմ, Գյուլնարա Շահինյանը պատասխանեց. «Իրենք եկել էին բողոքելու սեռային բազմաբազանության դեմ»:
Երբ լրագրողները փորձեցին այլ հարցեր էլ ուղղել բանախոսներին, մասնավորապես, արդյոք գտնում են, որ մշակութային բազմազանությունը նաև սեռային բազմազանություն է նշանակում, հարցից վրդովվեցրեց Միքայել Դանիելյանին, ով զայրացած դուրս եկավ դահլիճից, ասելով. «Ես չեմ սիրում, որ ասուլիսը դառնում է դասախոսություն, քոռանամ ես, վայ»:
Իսկ ասուլիսին ներկա գտնվող կազմակերպությունների ներկայացուցիչները սկսեցին գոռգոռալ, որ անհանդուրժողականության պատճառով է, որ երեկ երթի մասնակիցները թքել են իրենց ընկերների վրա, վառված ծխախոտ են նետել նրանց վրա և հայհոյել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները