Թե ինչպես Ադրբեջանը հորինեց «ցեղասպանության» ճանաչում Մեքսիկայի և Կոլումբիայի սենատներում
«Голос Армении»-ն տեղեկացնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր Կոլումբիայի և Մեխիկոյի սենատները ճանաչել են Խոջալուում կատարվածը որպես ցեղասպանություն, ինչից հետո ադրբեջանական մամուլը ողողվեց տեղեկություններով այն մասին, թե երկու լատինաամերիկյան երկրների օրենսդիր մարմինները Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևեր են ընդունել:
Այս կապակցությամբ թերթը գրում է, որ ադրբեջանական մամուլի նյութերում շատ կասկածելի էր այն հանգամանքը, որ որևէ հոդվածում ներկայացված չէր սկզբնաղբյուրի տեքստը և չկար որևէ հղում: Իրողությունը պարզելու նպատակով թերթի խմբագրությունը հարցումներ է ուղարկել Մեխիկոյի և Կոլումբիայի սենատներ, և պատասխանը չի հապաղել: Մեխիկոյից հայտնել են, որ 2011թ-ի դեկտեմբերի 8-ին սենատն ընդունել է շատ զգուշավոր և ընդհանուր ձևակերպումներ պարունակող բանաձև, որում Խոջալուի վերաբերյալ կիրառվել է «Այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանություն» ձևակերպումը, որի նպատակն էր շեշտել, որ դա ընդամենը հակամարտող կողմերից մեկի դիրքորոշումն է:
Ինչպես նշում է թերթը` Կոլումբիայից իրենց հարցման վերաբերյալ էլ ավելի զարմանալի պատասխան եկավ. Պարզվում է, որ Կոլումբիայի սենատն առհասարակ որևէ բանաձև չի ընդունել, այլ պարզապես, ելնելով դիվանագիտական էթիկայից, համաձայնել է լսել Ադրբեջանի դեսպանի զեկույցը ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ներկայացնելով այս ամենը` «ГА»-ն փաստում է, որ արտաքին դիվանագիտության վրա ծախսվող նավթադոլարների ահռելի գումարներն արդարացնելու նպատակով Ադրբեջանի արտգործնախարարությունը չի խորշում բացահայտ կեղծիքների տարածումից: