Ամանո. Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև շուտով համաձայնագիր կստորագրվի
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև միջուկային ծրագրի առնչությամբ շուտով համաձայնագիր կստորագրվի:
Այդ մասին, իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարը երեկ մեկօրյա այցով Իրանում էր, որտեղ հանդիպումներ էր ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ֆերեյդուն Աբբասիի հետ:
Հավելենք, որ միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև մայիսի 14-15-ը Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում առաջընթաց էր արձանագրվել և կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել բանակցությունները: Իսկ մինչ այդ՝ ապրիլի 14-ին, Իրանի միջուկային խնդրի առնչությամբ Ստամբուլում կայացել էր Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպման առաջին փուլը: Երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մայիսի 23-ին՝ Բաղդադում:
Նկատենք, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին արդեն մեկնել է Բաղդադ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալեքիի հետ: