ԿԳՆ. «Վարչական դատարանի որոշումը բողոքարկելով վերաքննիչում` Ս. Զոլյանը թույլ է տվել օրենքի պահանջների խախտում»
Այսօր Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Ս. Զոլյանն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում մեղադրել էր ԿԳ նախարարությանը ոչ իրավաչափ գործընթաց իրականացնելու համար և տվել որակումներ: Այս և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վահե Բավեյանի հետ:
-Պարոն Բավեյան, լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Ս. Զոլյանը դիմել է դատարան` վիճարկելու կրթության և գիտության նախարարի հրամանները, որոնց արդյունքում նա ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ փուլում է գործընթացը:
-Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Ս. Զոլյանն ապրիլ ամսին դիմել է վարչական դատարան` վիճարկելով ԿԳ նախարարի` իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հրամանը: Վարչական դատարանը նշված հայցը չի ընդունել վարույթ` պատճառաբանությամբ, որ տվյալ գործի քննությունը ընդդատյա չէ վարչական դատարանին, և այդ առնչությամբ դատավորը տվել է բավականին բովանդակալից և սպառիչ պարզաբանում: Ս. Զոլյանը վերոնշյալ որոշումը բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարանում: Հայցադիմումի վերաբերյալ վարչական դատարանի որոշումը բողոքարկելով վերաքննիչում` Ս. Զոլյանը թույլ է տվել օրենքի պահանջների խախտում, քանի որ հայցադիմումումը ներկայացվել է մայիս ամսին, իսկ որպես ռեկտոր նրա լիազորությունները դադարեցվել են ապրիլի 18-ին: Բացի այդ, վարչական դատարանը չի ընդունել նաև Ս. Զոլյանի` բուհում նախարարության վերահսկողության արդյունքներով կազմված ակտը անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը` պատճառաբանությամբ, որ որպես ներկայացման ժամկետ հայցադիմումում նշվել է ապրիլի 16, իսկ հայցադիմումը դատարան է մուտք եղել մայիսի 8-ին, իսկ պատասխանող կողմին ուղարկվել մայիսի 11-ին: Այս ամսաթվերի անհամապատասխանությունն ակնհայտ վարչական դատավարության օրենսգրքի պահանջների խախտում է, և այդ հիմքով էլ դատարանը չի ընդունել հայցադիմումը: Ինչ վերաբերում է հունիսի 14-ի կայանալիք դատական նիստին` ենթադրում եմ, որ Ս. Զոլյանը դիմել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, սակայն այս պահի դրությամբ ես պաշտոնապես դեռևս չեմ տեղեկացվել:
-Նախկին ռեկտորը պնդում է, որ նախարարի հրամանները հիմնավոր և իրավաչափ չեն:
-ԿԳ նախարարի բոլոր որոշումները իրավաչափ են և հիմնավոր, և նախարարը գործել է ՀՀ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Ս. Զոլյանն աշխատանքից ազատվել է երկու կարգապահական տույժերի արդյունքում և աշխատանքակին պայմանագիրը լուծվել է ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենքի շրջանակում: Ս. Զոլյանի այն սուբյեկտիվ մոտեցումները, թե ինքը աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում նախարարության հետ, իրավական հիմք չունեն: Կա ընթացակարգ, որով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ռեկտորի ընտրության արդյունքները, և Կառավարությունը լիազորել է նախարարությանը կնքել աշխատանքային պայմանագիր: Կա 2008 թվականին կնքված և արդեն լուծված պայմանագիր, որի բովանդակության մեջ նշվում է, որ լիազոր մարմինը հանդիսանում է գործատու, իսկ ռեկտորը` աշխատող: Ս. Զոլյանն այս խնդիրը կարող է վիճարկել ցանկացած դատական ատյանում, նախարարությունը պատրաստ է ներկայացնել բոլոր ապացույցները:
-Ս. Զոլյանը հրապարակավ պնդում է, որ կրթության և գիտության նախարարությունը խուսափում է դատարանում նշված հարցերի քննարկումներից, որովհետև գործընթացը իրակացվել է խախտումներով:
-Նախարարությունը չի խուսափում դատարանում նշված հարցերի քննարկումներից, քանի որ նախարարն այս ամբողջ ժամանակահատվածում իր հրապարակային ելույթներում հորդորել է Ս. Զոլյանին դիմել դատարան և վիճարկել այդ հրամանները: Ուստի նախարարությունը չի խուսափում դատական ատյաններում գործի քննությունից և, ըստ որակման, չի վախենում, որովհետև բոլոր հրամաններն ունեն իրավական հիմնավորում:
Վ. Բրյուսովի համալսարանում նախարարությունը վերահսկողություն է իրականացրել, որի լիազորությունն ուղղակիորեն տրված է ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենքով, որտեղ նշված է, որ լիազոր մարմինն իրականացնում է ՊՈԱԿ-ի գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթ, և այդ գործընթացում ամբողջ ընթացակարգը պահպանվել է: Ի թիվս այլ խախտումների` նախարարությունն արձանագրվել է դիպլոմների լրացման և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում չընդգրկված մասնագիտություններով տրված դիպլոմներ` դրանով իսկ խախտելով ուսանողների և շրջանավարտների իրավունքները:
-Արդյո՞ք այդ խախտումները ենթադրում են նաև քրեական պատասխանատվություն:
-Բացահայտված խախտումների համար Ս. Զոլյանը նախարարության կողմից ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և ազատվել աշխատանքից: Չեմ ուզում որակումներ տալ` ենթադրում է դա քրեական պատասխանատվություն, թե ոչ: Այդ հարցը թող որոշեն պատկան մարմինները: Ս. Զոլյանը իր հրապարակային ելույթներում անձնական որակումներ է տալիս. կասեմ միայն հետևյալը. նախարարը և նախարարության ոչ մի աշխատակից անձնական որակումներին չի արձագանքելու և չի իջնելու այդ մակարդակին և պատրաստ է բոլոր իրավական փաստերը վիճարկել դատական ատյանում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին