Ս. Զոլյան. Ուրախ եմ, որ հարցը չքաղաքականացվեց
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնի հետ կապված խնդիրը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական բնույթ ունի: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: «Ես չափազանց ուրախ եմ, որ հարցը չքաղաքականացվեց և սպասում եմ իրավական դաշտում հարցի ճշմարտացի լուծմանը»,-ասաց նա:
Ըստ բանախոսի` ռեկտորի պաշտոնի հետ կապված հիմնախնդրի վերջնական լուծումը կնպաստի, որպեսզի հասարակության շրջանում ճիշտ պատկերացում ձևավորվի Հայաստանի բարձրագույն կրթության մասին:
Նշենք, որ նախկին ռեկտորն իր իրավունքները վերականգնելու համար երեք հայցադիմում է ներկայացրել դատարան: Ս.Զոլյանի խոսքով` Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու որոշումը, եղել է կամային, ինչը կվիճարկվի դատարանում:
Բանախոսն անդրադարձավ հայցադիմումներից յուրաքանչյուրին առանձին-առանձին, նշելով, որ առաջինը վերաբերում է իրեն` նախարար Աշոտյանի կողմից արված խիստ նկատողությանը՝ Եվրախորհրդի միջազգային պարտականությունները կատարելու համար, ինչին, ըստ Ս.Զոլյանի, կառավարությունն իրավունք չունի խառնվել: Նրա տեղեկացմամբ` վարչական դատարանը, թեև հայցը չի մերժել, բայց նշել է, որ դա իր գործը չէ:
Երկրորդ հայցադիմումը վերաբերում է նախարարության կողմից ստուգումների և խախտումների հայտնաբերմանը, մասնավորապես, որ նախկին ռեկտորի կողմից իբր տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով դիպլոմներ: Ըստ
Ս.Զոլյանի`այս հայցադիմումը նույնպես մերժվել է, պատճառաբանվելով, որ հայցադիմումը ստորագրել է լիազորություններ չունեցող անձը:
Իր երրորդ հայցադիմումով Սուրեն Զոլյանն առաջին ատյանի դատարանում բողոքարկում է ազատման մասին նախարարի հրամանը։ Այս հայցն ընդունվել է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, և առաջին նիստի օր նշանակվել է հունիսի 14-ը:
«Արմեն Աշոտյանն իրավունք չունի ինձ աշխատանքից ազատել։ Ինձ ընտրել է ինստիտուտի խորհուրդը, հաստատել է կառավարությունը, ԿԳՆ-ն ընդամենը պայմանագիր է ստորագրել իմ հետ. նա իմ գործատուն չէ։ Ինձ աշխատանքից ազատելու որոշում պետք է կայացներ ինստիտուտի խորհուրդը, այլ ոչ թե ԿԳ նախարարը», - ասաց նա:
Խոսելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառների մասին, նա նշեց, որ պատճառներից մեկը այն է, որ նա առաջարկել էր փոխել ԵՊԼՀ-ի ուղղվածությունը և որ առավել ընդլայնվեն առկա մասնագիտությունների ցանկը:
«Կարգավիճակի փոփոխություն պետք է լիներ, պետք է ամրագրեինք նոր մասնագիտություններ, բայց չգիտեմ ինչ կստացվի»,- ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե ինչ պատճառով ինքը չէր հանձնում իր աշխատասենյակի բանալիները, նախկին ռեկտորը պատասխանեց, որ ինքը եղել է աշխատասենյակում, բայց որևիցե դիմադրություն չի ցուցաբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան