Սողոմոնյանը մանկապարտեզների հստակ անուններ է ուզում. թիվ 31
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր անդրադառնալով առանց ծնողներին նախապես տեղեկացնելու մանկապարտեզներում երեխաներին լուսանկարելու և դրանք վաճառելու վերաբերյալ Panorama.am-ի հրապարակմանը ասաց, թե նման դեպքեր իրեն հայտնի չեն:
Հիշեցնենք, որ խմբագրությունը տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզների մի քանի ծնողներից դժգոհություններ ու նամակ է ստացել, թե նախակրթական ուսումնական հաստատություններում իրենց երեխաներին ինչ-որ հերոսների, տիկնիկների հանդերձներ են հագցնում, լուսանկարում և միայն վերջին պահին ծնողին տեղեկացնում, որ նկարի համար պետք է գումար վճարեն: Ծնողները հրաժարվում են մատնանշել, թե խոսքը հստակ որ մանկապարտեզի մասին է, սակայն հիմնվելով դժգոհությունների թվի վրա, կարելի է ասել, որ երևույթը, եթե համատարած չէ, ապա շատ տարածված է: Ընդ որում դժգոհող ծնողներից երկուսի երեխաները հաճախում են տարբեր վարչական շրջանների վճարովի, այսինքն` մասնավոր մանկապարտեզներ:
Դժգոհություն հայտնած ծնողներից մեկը համաձայնեց հրապարակել` Արաբկիրում գտնվող թիվ 31 մանակապարտեզ:
«Նման երևույթի մասին տեղեկացված չեմ: Եթե կոնկրետ իմանանք, թե որ մանկապարտեզում է դա եղել, մենք տնօրենի նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունք կցուցաբերենք, քանի որ քաղաքապետարանն արգելել է նման բան»,-ասաց Գ. Սողոմոնյանը: Նա հորդորեց, հստակ մանկապարտեզների անուններ նշել, որպեսզի հնարավոր լինի կանխել այն. «Այլապես ձնագնդու պես կմեծանա դա»: Քաղաքապետարանի պաշտոնյան, կարծում ենք, մեծ ցանկության դեպքում կարող է իմանալ, թե որ հաստատությունում ինչ է կատարվում:
Իսկ ինչ վերաբերում է ծնողներից մեկի հարցին, թե մանկապարտեզները անվճար դառնալուց հետո դաստիարակները կարո՞ղ են ծնողներից տնտեսական ապրանքներ ուզել, Սողոմոնյանն ասաց. «Մենք ապահովում են անհրաժեշտ բոլոր տնտեսական միջոցներով, իրավունք չունեն տնտեսական ապրանքեր պահանջեն երեխաներից: Սա ողբերգություն է: Ի՞նչ է` դարձավ դպրոցի պես` դրամահավաքություն: Օգնեք մեզ իմանալ, թե որտեղ է եղել, որպեսզի կանխենք, որ չարմատավորվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան